Search
Close this search box.

Նոր տեղեկություններ՝ զոհվածների մարմինների որոնման ու փոխանակման աշխատանքների մասին

ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է. «Արցախի ԱԻ պետական ծառայության փրկարար ուժերի վարչության փրկարարական ջոկատները շարունակում են պատերազմի հետևանքով զոհված զինծառայողների մարմինների որոնողական աշխատանքները:

Սկսած նոյեմբերի 13-ից Կարմիր խաչի միջազգային կոմիտեի /ԿԽՄԿ/ և ՌԴ խաղաղապահ զորակազմի միջամտությամբ՝ բուն որոնողական գործողություններին մասնակցում են Արցախի փրկարարական ջոկատները և սակրավորական խմբերը։
Զոհված, անհետ կորած կամ գերեվարված զինծառայողների ծնողների հետ ամեն օր ԱԻ պետական ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանն է հանդիպում: Քննարկվում են փրկարարների կողմից կատարված որոնողական աշխատանքների արդյունքները, փոխանակում կարծիքներ, ընդունվում փոխադարձ առաջարկներ:
Զոհված զինծառայողների մարմինների որոնման ու փոխանակման աշխատանքները գրեթե ավարտվել են Շուշիի և Մարտակերտի ուղղություններում, ընթացքի մեջ են Մարտունի քաղաքի հարակից համայնքներում, Ասկերանի վերին ենթաշրջանում, ինչպես նաև Հադրութի և Ֆիզուլիի ուղղություններում:
Կողմերի բանակցումից հետո որոնողական աշխատանքներն առաջիկայում կշարունակվեն ադրբեջանական վերահսկողության տակ անցած Հադրութի հարավային հատվածում, Մեխակավանում և մյուս բնակավայրերում:

Տեղեկանք. ԱԻ պետական ծառայությունը բանակցող կողմ չի հանդիսանում: Արցախի փրկարարներն իրենց գործուն մասնակցությունն են ցուցաբերում որոնողական աշխատանքերում: Բացի այդ, ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանի հրամանով ստեղծվել է օպերատիվ շտաբ, որտեղ զինծառայողների մասին փաստացի տեղեկություններ են հավաքվում, քարտեզագրվում և փոխանցվում բանակցող կողմերին»: