Search
Close this search box.

«Միայն թե եղբորս ոչինչ չլինի». Դավիթ Կարենովիչի վերջին խոսքերն իրականացան, երազանքը` ոչ

armeniasputnik.am-ը գրում է. Դավիթ և Ռուբեն Բադալյանները միասին են ծառայել Մարտակերտում։ Դավիթը, ցավոք, զոհվել է։ Ռուբենը ողջ է մնացել, Երևան է եկել եղբորը վերջին հրաժեշտ տալու օրը։ Երբ նա սգո սրահ է մտել, մայրն ինքնաբերաբար ծափահարել է. գոնե մի տղան ողջ է մնացել։

«Միայն եղբորս ոչինչ չլինի». պատերազմում զոհված ապագա բժիշկ Դավիթ Բադալյանի վերջին խոսքերն են եղել, որը հետո Դավիթի ընկերը փոխանցել է նրա ընտանիքին։

Դավիթենց տանն ենք` հարցազրույցի. հյուրասենյակում ենք, որտեղ սիրում էր նստել Դավիթը և պարապել։ Սեղանին շատ-շատ կոնֆետներ են դրված. Դավիթը քաղցրակեր էր, և, սովորության համաձայն, ընտանիքը շարունակում է կոնֆետ շատ գնել։ Զինվորական համազգեստով ու ժպտացող աչքերով մեզ նայող Դավիթի նկարի առջև նույնպես կոնֆետներ են դրված, որոնց թվում է նրա սիրած «KitKat»-ը։

Դավիթն ու եղբայրը` Ռուբեն Բադալյանը, այս տարվա հունվարին միասին են բանակ գնացել։ Ռուբենը ֆիզկուլտինստիտուտում անվճար էր սովորում, բայց որոշել է տարկետում վերցնել և եղբոր հետ ծառայության մեկնել։ Բնավորությամբ շատ տարբեր երկու եղբայրները դեռ մանկուց բոլոր հարցերում միասին են եղել, և ծառայության ժամանակ էլ ավագ եղբայրը որոշել է Դավիթի կողքին լինել։

Դավիթն ու Ռուբենը հոր հետ

«Երևանում վիճակահանության ժամանակ ես քաշեցի թուղթը, ու պարզվեց` Արցախում պետք է ծառայենք։ Արցախում արդեն Դավիթը հանեց թուղթը, և գնացինք Մարտակերտ։ Շատ ուրախ էինք, ու ամենևին էլ տեղը կապ չուներ, կարևորը` միասին էինք։ Իսկ միասին լինելն ավելի էր հեշտացնում ծառայությունը, մեկս մյուսից էինք տան ու ծնողների կարոտն առնում»,–պատմում է քչախոս ու զուսպ Ռուբենը։

Եղբայրները նույն զորամասում են ծառայել, երկուսն էլ նռնականետորդ են եղել։ Ռուբենն ասում է` սահման գնալիս քաջ գիտակցել են` ուր են գնում և ինչի համար. ամեն վայրկյան պատրաստ են եղել պատերազմի։ Եղբայրներն առաջնագծում, բայց տարբեր դիրքերում մարտական հերթապահության են եղել, երբ պատերազմը սկսել է։ Ռուբենի առաջին քայլը եղբոր` Դավիթի համար աղոթելն է եղել. Ռուբենը վստահ է` նույնն էլ եղբայրն է արել։

Քանի որ հեռահար կերպով է կրակ վարվել (հիմնականում հրթիռակոծել են), Ռուբենն ընկերների հետ թաքստոցում են որոշ ժամանակ եղել։ Այդ ժամանակ, սակայն, այլ իրավիճակ է եղել Դավիթի հենակետում. ամեն ինչ շատ արագ է զարգացել։ Հակառակորդը տանկերով փորձել է առաջ գալ, Դավիթը գործի է անցել` դիրքավորվել և դիպուկ հարվածով մեկ տանկ է խոցել։ Զոհվել է նրա ընկերը. Դավիթն իր բաճկոնը, որի գրպանում զինգրքույկն է եղել, ընկերոջ վրա է գցել ու շարունակել մարտը։ Ապագա բժիշկը հաջորդ տանկը խոցելուն է պատրաստվել, սակայն հակառակորդի թիրախում է հայտնվել. գնդակն ուղիղ Դավիթի սրտին է դիպչել…

Այդ ընթացքում Ռուբենը սկսել է անհանգստանալ եղբոր համար և, անտեսելով վտանգը, թաքստոցից դուրս է եկել` ներքին հեռախոսով եղբոր հետ կապ հաստատելու համար։


Դավիթն ընտանիքի հետ

«Հեռախոսին ոչ ոք չէր պատասխանում, բայց ես անընդհատ զանգում էի։ Դիրքի ավագը, որն ինձ լավ էր ճանաչում, վերջապես վերցրեց հեռախոսը։ Ասաց` այս պահին կրակում են, չի կարող եղբորս կանչել։ Բայց երբ ես շատ պնդեցի, ասաց, որ Դավիթը թեթև վիրավորվել է, դիրքերից իջեցրել են։ Ամբողջ գիշեր չքնեցի։ Անհամբեր սպասում էի, քանի որ ասել էին առավոտյան ինձ հոսպիտալ են տանելու, որ եղբորս տեսակցեմ։ Առավոտյան ինձ տարան զորամասի տեղակալի մոտ, որը նույնպես վիրավոր էր. նա հայտնեց եղբորս զոհվելու լուրը»,–պատմեց Ռուբենը։

Ռուբենի` Երևան գալն ու եղբոր հուղարկավորությանը մասնակցելը հեշտ չի եղել։ Տղաների հայրը` Կարեն Բադալյանն ասում է, որ պաշտպանության նախարարությունը չէր թույլատրել, որ Ռուբենը Երևան գար։ Այդ դժվար պահերին, երբ պետք էր տղայի հուղարկավորությունը կազմակերպել, ավելի տհաճ է եղել այդ ամենին առնչվելը։ Հարցը լուծվել է միայն, երբ դիմել են Արցախի նախագահին, որն անմիջապես ստորագրել է անհրաժեշտ գրությունը։ Ռուբենը Երևան է հասել եղբորը վերջին հրաժեշտ տալու օրը. տղաների մայրը` տիկին Էլիզը, ասում է` երբ Ռուբենը սգո սրահ է մտել, ինքնաբերաբար ծափահարել է, որ գոնե մի տղան ողջ է մնացել։

Տիկին Էլիզը Դավիթի մասին ներկա ժամանակով է խոսում, չնայած ամենադժվարը հենց նրա համար է. Դավիթն ամենաշատը մոր հետ էր կապված։

«Դավիթն ինձ ավելի շատ էր կապված, քան աղջիկս։ Ամեն ինչի մասին կիսվում էր հետս. նա շատ խղճով էր, բայց և շատ ուժեղ։ Դեռ մանուկ հասակում էր որոշել, որ բժիշկ է դառնալու։ Մտածում էինք` կմեծանա, այլ մասնագիտություն կընտրի, բայց չմտափոխվեց։ Ասում էր` մամ, երազում եմ, որ ինձ Դավիթ Կարենովիչ ասեն»,–պատմեց տիկին Էլիզն ու հավելեց` տղայի ծննդյան օրը բժշկի խալաթի պատկերով տորթ էր գնել, որի վրա այդպես էլ գրված էր` Դավիթ Կարենովիչ։


Դավիթը

Դավիթը բժշկին բնորոշ բնավորություն ուներ` չափից դուրս կոկիկ էր, սրտացավ։ Մայրն ասում է, որ տղան հպարտությամբ էր սպիտակ խալաթը հագնում, հաճույքով ու անտրտունջ սովորում։ Անգամ բանակից մոր հետ հեռախոսազրույցում ասել էր, որ իր գրքերը կարոտում է և խնդրել էր որոշներն ուղարկել։ Տիկին Էլիզն ասում է` եթե Ռուբենը երազում էր զինծառայության անցնելու մասին և անհամբեր է սպասել այն օրվան, երբ պետք է զինվորական համազգեստ կրի, ապա Դավիթն ասում էր, որ գնում է ծառայության հայրենիքի հանդեպ իր պարտքը կատարելու համար. Դավիթի համար սովորելն ու լավ բժիշկ դառնալն էր առաջնային։

Ապագա բժշկի համար շատ կարևոր էր նաև ընտանիքը. երազում էր եռահարկ մեծ տուն կառուցել, որ երկու եղբայրն ու ծնողները միասին ապրեին։ Ավելին, մոր մտքից դուրս չի գալիս Դավիթի` տարիներ առաջ արած այն արտահայտությունը, թե չեմ ուզում մեծանալ, այսպես մենք երջանիկ ենք…

«Դավիթի զոհվելուց հետո այլևս ոչ մի նպատակ ու ծրագիր չունեմ, հիմա միակ ցանկությունս խաղաղությունն է։ Ես չեմ չարացել Աստծո առաջ, գիտակցում եմ, որ պատերազմ էր։ Բայց աղոթում եմ, որ ոչ մի ծնող չտանի այն վիշտը, ինչ ես եմ տարել»,–ասում է տիկին Էլիզը։


Դավիթ Բադալյանի լուսանկարների դիմաց կոնֆետներ են դրված