Search
Close this search box.

Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության ընդլայնումը բխում է տարածաշրջանի անվտանգության շահերից․Վահրամ Պողոսյան

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը կարծում է, որ Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության ընդլայնումը բխում է տարածաշրջանի անվտանգության շահերից:

«Ռուսական խաղաղապահ զորակազմն Արցախում էական առաքելություն է իրականացնում խաղաղության և կայունության ապահովման տեսանկյունից, և հետագայում նրա անձնակազմի ընդլայնումը միայն բխում է տարածաշրջանի անվտանգության ապահովման շահերից»,- ասել է Պողոսյանը ՌԻԱ Նովոստի գործակալությանը:

Նա նշել է, որ Արցախի իշխանություններն այս հարցում շատ հստակ դիրքորոշում ունեն․ «Արցախի ժողովրդի ֆիզիկական անվտանգությունը և զարգացման հեռանկարները ուղղակիորեն կապված են խաղաղապահների ներկայության հետ։ Խաղաղապահ զորքերի ներկայությունը մենք դիտարկում ենք երկարաժամկետ հեռանկարում»։

Պողոսյանի խոսքով՝ ավելի վաղ հրապարակված հայտարարությունն այն մասին, որ «ԼՂՀ-ն տարածաշրջանում Ռուսաստանի խաղաղապահ առաքելության ընդլայնման անհրաժեշտություն դեռ չի տեսնում», իր խոսքերի սխալ մեկնաբանության հետևանք է: