Search
Close this search box.

Ճամբարակի քաղաքապետ է ընտրվել ընտրողի քվեարկության գաղտնիությունը խախտելու համար դատապարտված Վազգեն Ադամյանը. Hetq.am

Hetq.am-ը գրում է.

Երեկ՝ նոյեմբերի 5-ին կայացած Գեղարքունիքի մարզի խոշորացված Ճամբարակ համայնքի ղեկավար է ընտրվել անկուսակցական, Վազգեն Ադամյանը: Նա ստացել է 4349 քվե, իսկ մրցակից, գործող համայնքապետ Յուրիկ Ավալյանը, ում սատարում էր ՀՀԿ-ն, ստացել է 1424 քվե:

Նշենք, որ Ճամբարակում ընտրելու իրավունք ուներ 9123 քաղաքացի, որից քվեարկությանը մասնակցել է 5924-ը:

Քաղաքապետի պաշտոնում ընտրցված Վազգեն Ադամյանը այս տարվա հունիսի 13-ին մեղավոր է ճանաչվել քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածով (Քվեարկության գաղտնիությունը խախտելը) նախատեսված հանցանք կատարելու մեջ և Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ պատիժ էր նշանակել տուգանք՝ 500.000 դրամի:

Վազգեն Ադամյանը 2017թ. ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ  Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի 128-րդ հասցեում գտնվող Ճամբարակի ավագ դպրոցի շենքում տեղակայված թիվ 20/24 ընտրական տեղամասում` քվեարկության սենյակում, Ճամբարակ քաղաքի բնակիչ Արծրուն Ղուլյանի քվեարկության արդյունքը բացահայտելու նպատակով խախտել է վերջինիս քվեարկության գաղտնիությունը: Վազգեն Ադամյանը մոտեցել է Արծրուն Ղուլյանին և նրանից ցանկացել իմանալ, թե ում օգտին է նա քվեարկելու: Տեսնելով, որ Արծրուն Ղուլյանը չի ցանկանում տեղեկություններ հայտնել իր քվեարկության վերաբերյալ, վերջինիս հետևից քայլելով մոտեցել է թիվ 2-րդ քվեախցիկի մոտ և Արծրուն Ղուլյանի կողմից քվեախցիկում գտնվելու և քվեարկություն կատարելու ժամանակ, քվեախցիկի առաջնամասի վերնամասից ձգվելով, հետևել է Արծրուն Ղուլյանի քվեարկությանը, տեսել նրա քվեարկության արդյունքը, որով և խախտել է Արծրուն Ղուլյանի քվեարկության գաղտնիությունը:

Դատարանում Վազգեն Ադամյանն իրեն մեղավոր էր ճանաչել և միջնորդել էր գործի քննությունն անցկացնել արագացված կարգով:

Քրեական գործի հարուցման հիմք էր հանդիսացել «Ազատություն» ռադիոկայանի տեսանյութը: Այդ ժամանակ խոչընդոտվել էր նաև լրագրողի մասնագիտական գործունեությունը, սակայն այդ մասով պատասխանատվության ենթարկելու լուրջ քայլեր չեն ձեռնարկել:

Նշենք, որ  Վազգեն Ադամյանը «Գեգամետ Պլյուս» ՓԲԸ-ի ջարդիչ տեղամասի պետն է:

Մանրամասը՝ այստեղ.