Search
Close this search box.

Գորիսի քաղաքապետի 100%-ոց ռեկորդը. Նա արժանի է Նոբելյան մրցանակի

Կանխատեսումների համաձայն՝ Գորիսի քաղաքապետ ընտրվեց քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, 26-ամյա Առուշ Առուշանյանը:

Թիվ 34՝ Սյունիքի մարզի տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Սլավիկ Դադաշյանի տեղեկացմամբ՝ նա հաղթել է համարյա 100%-ով:  Ընտրությանը մասնակցել է 13 164 քաղաքացի, որից 12 945-ը քվեարկել է Առուշ Առուշանյանի օգտին: Սամվել Հարությունյանի օգտին քվեարկել է 56 ընտրող, իսկ 163 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:

Հիշեցնենք, որ երիտասարդ քաղաքապետ Առուշ Առուշանյանը համարվում է նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի (Լիսկայի) քաղաքական հակառակորդը: Ընտրություններից առաջ Սուրիկ Խաչատրյանը հայտարարել էր, որ ՏԻՄ ընտրություններում չի աջակցի Առուշ Առուշանյանին: Իսկ այդ չաջակցելը՝ պարզվեց, որ համարժեք է ընդամենը մի քանի տասնյակ քվեի:  Փաստորեն, Լիսկայի ընտրական «կապիտալն» ու քաղաքական ռեսուրսը թիվ 34 ընտրատարածքում հիմնովին հավասարվել է գրեթե զրոյի, նա այլևս Սյունաց աշխարհում քաղաքական նկրտումներ չպետք է ունենա, քանի որ «փոքրիկ իշխանն» ապացուցեց՝ ընտրություններում կարող է անել ավելին:

Իսկ մյուս կողմից, Գորիսում պահպանվում են «լավագույն» ավանդույթները՝ իշխանության կողմից առաջադրված թեկնածուն ստանում է ամենաշատ ձայները: Առուշանյանն այս առումով նոր ռեկորդ սահմանեց՝ 100 տոկոս ձայն: Սա նշանակում է, որ գործ ունենք 2 իրավիճակի հետ՝ կամ Գորիսը` փոքրիկ «Սովետական Հայաստան» է,  իր ընտրական ողջ ներկապնակով ու ժառանգությամբ, կամ  Գորիսի ընտրողներն Առուշանյանի մեջ «փրկիչ» են տեսնում: Այս դեպքում, արժե 26 ամյա երիտասարդ քաղաքապետի թեկնածությունն առաջադրել նաև խաղաղության Նոբելյան մրցանակի:

ArmLife.am