Search
Close this search box.

«Օստանկինո» հեռուստաաշտարակը 50 տարեկան է

«Օստանկինո» աշտարակի շինարարությունը սկսվեց 1963 թվականին և ավարտվեց 1967 թվականին: Այն գերազանցեց Էմփայր Սթեյթ Բիլդինգին և դարձավ այդ ժամանակաշրջանի խորհրդային ճարտարապետության գլուխգործոցը՝ մնալով աշխարհում ամենաբարձր շինությունը շուրջ 8 տարի, մինչև 1976 թվականին Կանադայի Տորոնտո քաղաքում կառուցված Սի Էն աշտարակը, որը գերազանցեց նրան 13 մետրով։ Շուրջ 31 տարի Օստանկինո հեռուստաաշտարակը համարվում էր 2-րդ ամենաբարձր շինությունը, մինչև Դուբայում կառուցված «Բուրջ Խալիֆաը» 2007 թվականին իր բարձրությամբ գերազանցեց և «Օստանկինո», և «Սի Էն» աշտարակներին։ Շուրջ 50 տարի «Օստանկինո» հեռուստաաշտարակը եղել է Եվրոպայի ամենաբարձր շինությունը։

1960-ական թվականներին միջազգային մամուլը գրում էր, որ աշտարակի կառուցումը անգամ Խորհրդային ճարտարապետներն էին  անհնարին համարում: Ավելի քան 500 մետր բարձրությամբ երթաթ-բետոնե աշտարակի կառուցման հաջողությանը հավատում էր միայն նախագծի հեղինակ Նիկոլայ Նիկիտինը: Այն կառուցվեց այն ժամանակվա հեղափոխական տեխնոլոգիաների հիման վրա  և նորագույն լուծումներով: Աշտարակի վերջին հարկում գտնվում է «Յոթերորդ երկինք» անվանումը կրող ռեստորանը, որը հնարավորություն է տալիս այցելուներին շրջանաձև վերևից ծանոթանալ Մոսկվա քաղաքին: 1960-ական թվականներին ռեստորանում հնարավոր էր 6 ռուբլով ընթրել՝ միաժամանակ վերևից հմայվելով նաև քաղաքի գեղեցկությամբ:

«Մենք կառուցել ենք 2 տասնյակից ավել հեռուստատաղավարներ, որտեղ հնարավոր էր միանգամից հեռարձակել ոչ թե 2, այլ 5 ծրագիր: Իսկ առաջին անգամ նաև գունավոր»,-հիշում է ինժեներ Անատոլի Վոլկովը:

2000 թվականի օգոստոսին հեռուստաաշտարակում բռնկված հրդեհից մահացավ 4 մարդ՝ 3 հրշեջներ և վերելակավարը։ Հրդեհի օջախը գտնվել է 460 մետր բարձրության վրա։ Ամբողջությամբ այրվել են 3 հարկեր։

Հրդեհի հետևանքով աշտարակի ծայրաձողը թեքվել է։ Մոսկվայում և հարակից շրջաններում անջատվեց հեռահաղորդակցման համակարգը։

2007 թվականի մայիսի 25-ին հեռուստաաշտարակում կրկին բռնկվեց հրդեհ, որը, բարեբախտաբար, ավելի թույլ է եղել, քան 2000 թվականի հրդեհը։

ArmLife.am