Search
Close this search box.

Հայ Ավետարանական Եկեղեցին պիտի շարունակի իր բարեսիրական ծառայությունները. Գարեգին Բ

Ամերիկայի Միացյալ Նահանգների Հայոց Արեւմտյան Թեմի առաջնորդանիստ կենտրոնում նոյեմբերի 3-ին, Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության (ԱՀԱԸ) Հոգաբարձուների Խորհրդի, Հայ Ավետարանական Համաշխարհային Խորհրդի, Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական Եկեղեցիների Միության, Հայկազյան Համալսարանի Հոգաբարձուների Խորհրդի ներկայացուցիչներին:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգիցտեղեկացնում են, որ վերջիններս խորին երախտագիտություն հայտնեցին Նորին Սրբությանը՝ ԱՄՆ Հայոց Արեւմտյան Թեմ կատարած Հովվապետական այցին ընթացքին առանձին հանդիպման հնարավորության համար, ներկայացնելով Հայ Ավետարանական Եկեղեցու եւ ԱՀԱԸ գործունեությունը:

Նրանք գոհունակությամբ անդրադարձան Մայր Եկեղեցու հետ գործակցությանը եւ ապագայի համար պատրաստակամություն հայտնեցին առավել ջանքեր ներդնել աշխարհասփյուռ հայության կյանքում հոգեւոր միության հասնելու համար` արձագանքելով մեկ լինելու Տիրոջ պատգամին:

Վեհափառ Հայրապետը գոհունակություն հայտնեց հանդիպման համար եւ իր օրհնության ու գնահատանաց խոսքն ուղղեց Հայ Ավետարանական եկեղեցու ներկայացուցիչներին: Նորին Սրբությունը հատկապես ընդգծեց վերջին շրջանում Հայ Ավետարանական եկեղեցու պատասխանատուների կողմից Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ միության մեջ գործելու պատրաստակամ ոգին, որով հնարավոր է ամրապնդել համազգային միասնականությունը, վերականգնել հոգեւոր կյանքի միությունը:

Խոսքը եզրափակելով՝ Հայոց Հայրապետը հույս հայտնեց, որ Հայ Ավետարանական Եկեղեցին նոր արդյունքներով ու ձեռքբերումներով պիտի շարունակի համալրել բարեսիրական իր ծառայությունները՝ հանուն Հայրենիքի զորացման եւ աշխարհասփյուռ մեր ժողովրդի բարօրության: