Search
Close this search box.

«Առավոտ». Վաղվա ընտրություններում գուցե մի երկու ՀՀԿ-ական ու ԲՀԿ-ական իրար թեթեւ դանակահարեն

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Կիրակի օրը Հայաստանի բազմաթիվ համայնքներում տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Դժվար թե որեւէ մեկը կասկածի, թե ով է այդ ընտրություններում հաղթելու: Ընդդիմադիր կուսակցությունները որոշեցին պայքարի մեջ չմտնել, մի քանի համայնքներում կհաղթեն ԲՀԿ-ական «լավ տղերքը», իսկ գյուղապետերի, քաղաքապետերի ճնշող մեծամասնությունը կազմված կլինի ՀՀԿ-ական նույնքան «լավ տղերքից»:

Կուսակցությունների անունները բացարձակապես կարեւոր չեն, դրանք պայմանական են: Եթե գյուղերում կամ քաղաքներում պայքար է գնում, ապա մրցակցությունը, ասենք, Պողոսյանների եւ Պետրոսյանների կլանների միջեւ է` երկուսն էլ կարող են լինել ՀՀԿ-ական կամ ՀՀԿ-ական-անկուսակցական, կամ ՀՀԿ-ական-ԲՀԿ-ական` կախված նրանից, թե ժամանակին այդ տղերքը «ում պոչից են բռնել»:

Այդքանով հանդերձ ընդդիմության չմասնակցելը տարակուսելի է: Այդ փաստը խոսում է ոչ միայն փողի պակասի, կազմակերպական կառույցների բացակայության, այլեւ ծուլության եւ անտարբերության մասին: Այո, հաջողության հասնելը գրեթե անհնար է, բայց չփորձել, «մարզավիճակը» չստուգել, քաղաքացիների հետ շփման մեջ չմտնել` դա, ինձ թվում է, սխալ մարտավարություն է: Եվս մեկ անգամ հիշեցնեմ, որ, բացի «Ելք» դաշինքի մեջ մտնող երեք կուսակցություններից, Հայաստանում կան բազմաթիվ այլ ընդդիմադիր կուսակցություններ` ՀԱԿ, «Համախմբում», «Ժառանգություն», ՕԵԿ եւ այլն: Միթե կուսակցությունների գործառույթը 4-5 տարին մեկ «օդ ցնցելն է»:

Հոկտեմբերի 22-ին Վրաստանում կայացան ՏԻՄ ընտրությունները, որտեղ գրեթե ամենուր «ջախջախիչ հաղթանակ» տարավ իշխող կուսակցությունը: Եվրոպացի դիտորդները դրանք գնահատեցին որպես եւս մեկ քայլ ժողովրդավարության ուղղությամբ: Վաղվա ընտրություններում Հայաստանում նույնպիսի հաղթանակ է տանելու այստեղի իշխող կուսակցությունը: Ընտրություններն ընդհանուր առմամբ անցնելու են հանգիստ մթնոլորտում` գուցե մի երկու հանրապետական կամ ՀՀԿ-ական-ԲՀԿ-ական իրար թեթեւ դանակահարեն, ի վերջո, կլանային պայքար է որոշակի լծակների համար:

Բայց, կրկնեմ, առանձին սենսացիաներ չեն սպասվում: Քաղհասարակության ներկայացուցիչներն էլ այդ ընտրությունները կբնութագրեն որպես եւս մի քայլ՝ բռնապետության ամրապնդման ուղղությամբ»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: