Search
Close this search box.

Նամակներս անպատասխան մնացին

ԱԺ-ում, բյուջե 2018թ.-ի քննարկման ժամանակ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մի հետաքրքիր խոստովանություն է արել՝ ասելով, որ սփյուռքին գրված նամակներն անպատասխան են մնում, այնուհետև Սփյուռքի նախարարը պարզաբանել է. «Մենք հազարավոր նամակներ ենք գրում: Ես չեմ գրում, մեր աշխատողներն են գրում, բայց նրանք պատրաստ չեն ամեն օր դրանց պատասխանել: Մեկը բիզնեսով է զբաղվում, մյուսն արձակուրդում է, էն մեկը՝ քաղաքում չէ: Այնպես չէ, որ հենց ստացավ, պետք է պատասխանի, նա իմ աշխատողը չէ»,- նշել է Հակոբյանը:

Իսկ ինչու սփյուռքի մեր հայրենակիցները չեն պատասխանում տիկին նախարարի գերատեսչության կողմից ուղարկված նամակներին: Պատասխանը հստակ է, որովհետև չկա վստահություն և նամակներին՝ նամակներով պատասխանելն առնվազը ժամանակի անիմաստ կորուստ է: Հայաստանը, սովորաբար, սփյուռքի աչքին դարձել է «ուզվոր» և շատ հաճախ այդ «ուզվորությունը»՝ Սփյուռքի նախարարության շուրթերից է ներկայացվում: Իսկ եթե չեն պատասխանում՝ նշանակում է, որ սփյուռքը հոգնել է այդ նախարարությունից: Հրանուշ Հակոբյանը երբեք չի բացահայտի անպատասխան մնացած նամակների ողջ բովանդակությունը, որովհետև հասկանալի է, թե տողատակերն ուր կարող են տանել: Իսկ սփյուռքի մեր հայրենակիցները չեն ուզում լսել այդ մասին: Անգամ Հայաստան-Սփյուռք վերջին գիտաժողովի ժամանակ սփյուռահայ գործարարները բացահայտ արտահայտվեցին, թե ինչ ռիսկային է Հայաստանում ներդրում կատարելը: Մարդիկ ժամանակին եկել են, ներդրում իրականացրել, սեփական մաշկի վրա զգացել «քաղցր» խոսքերի դառը պտուղները ու հուսախաբ եղել: Հրանուշ Հակոբյանը դա լսել է, բայց էլի է փորձում…

Իսկ ընդհանրապես, ինչ նպատակով ստեղծվեց Սփյուռքի նախարարությունը. Գլխավոր թեզն այն էր, որ Հայրենիք-Սփյուռք գործակցությունը դրվի առավել ամուր ու վստահելի հիմքերի վրա, բայց ստացվեց ճիշտ հակառակը՝ հիմքերը խարխուլ են, գործակցությունն էլ շատ հարցերում իմիտացիոն բնույթ է կրում:

Իսկ եթե չկա այդ սպասված գործակցությունը՝ ո՞ւմն է պետք Սփյուռքի նախարարությունը, որի նամակներն են անգամ մնում անպատասխան: Գուցե ժամանակն է, որ Սփյուռքի նախարարությունը բերել իր հին կարգավիճակին՝ տեղափոխելով ԱԳՆ, որպես Սփյուռքի հետ կապերի պետական կոմիտե: Այս դեպքում միանգամից 2 հարց կլուծվի, նախ մանկավարժների կրճատմանը զուգահեռ, կօպտիմալացվի նաև մի նախարարություն, որի ՕԳԳ-ն շատ ցածր է, երկրորդ՝ գուցե այս դեպքում, Արտաքին գործերի նախարարության՝ սփյուռքին հասցեագրված նամակներն ավելի ծանրակշիռ լինեն՝ արժանանալով գոնե հետադարձ պատասխանի:

ArmLife.am