Search
Close this search box.

Ֆրանսիան երկրում Vigipirate հակաահաբեկչական ծրագիր է սահմանել

Ֆրանսիայի ողջ տարածքում Vigipirate հակաահաբեկչական ծրագիր է սահմանվել Նիս քաղաքի եկեղեցու մոտ տեղի ունեցած հարձակումից հետո: Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Ժան Կաստեքսը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Հոկտեմբերի 16-ին պատմության ուսուցիչ Սամյուել Պատիի սպանությունից հետո իշխանությունները չեն հայտնել այդ ծրագրի սահմանման մասին:

«Կառավարության պատասխանը կլինի կոշտ, անողոք եւ անհապաղ: Ես արդեն որոշում եմ կայացրել երկրի ողջ տարածքում Vigipirate հակաահաբեկչական ծրագրի սահմանման մասին»,-ասել է Կաստեքսը՝ ելույթ ունենալով Ֆրանսիայի Ազգային ժողովում:

Նա նշել է, որ նախագահ Էմանուել Մակրոնը Անվտանգության խորհրդի նիստ կհրավիրի ուրբաթ առավոտյան:

Կառավարության ղեկավարը նշել է կասկածյալի հարձակման ժամանակ իրավապահ մարմինների աշխատանքի օպերատիվությունը:

Հինգշաբթի առավոտյան Նիսում Նոտր Դամ եկեղեցու մոտ անհայտ անձը դանակով հարձակվել է մարդկանց վրա: 3 մարդ է զոհվել, հաղորդվում է մի քանի վիրավորի մասին: Մի շարք ԶԼՄ-ներ նշում են, որ հարձակում գործած անձը կնոջ է գլխատել:

Ձերբակալության ժամանակ հարձակում գործած անձը վիրավորում է ստացել:

Նիսի քաղաքապետ Քրիստիան Էստրոզին հայտարարել է, որ հարձակում գործած անձը չի դադարել կրկնել «Ալլահ աքբար» արտահայտությունը: Ամեն ինչ վկայում է այն մասին, որ դա ահաբեկչություն է եղել՝ նշել է քաղաքապետը:

Հարձակման հետաքննությամբ զբաղվում է դատախազության հակաահաբեկչական բաժինը: Քաղաք է մեկնել նախագահ Էմանուել Մակրոնը: