Search
Close this search box.

Ահազանգ. Շիկահողի արգելոցում շուրջ 40 թանկարժեք ծառ է հատվել

Օրերս Շիկահողի արգելոցի տարածքում Մազրա գետի ափին՝ Ծավ համայնքի հարևանությամբ հատվել է շուրջ 40 ծառ:

Այս մասին EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքին հայտնել է «Էկո-մեդիա ցանցի» համահիմնադիր Նարինե Կիրակոսյանը:  Ըստ նրա տեղեկությունների, դրանք եղել են 30-80 սմ տրամագիծ ունեցող տարբեր տեսակի թանկարժեք ծառեր՝ 70-80 տարեկան կաղնի, բոխի և այլն: Ավելին, Նարինե Կիրոկոսյանն նշեց, որ տվյալ տարածքի ռեյնջերն Արգամ Նահապետյանն է, ով էլ պատասխանատու է «Շիկահող» արգելոցի Ծավ համայնքի շրջանում վերահսկողություն իրականացնելու համար: Դեռ 2015թ.-ին նույն այս տարածքում Նարինե Կիրակոսյանն իր գործընկերների հետ եղել է դեպքի վայրում և գրանցել է ապօրինի ծառահատումների դեպք, որի մասին նաև հայտնել է իրավապահ մարմիններին, սակայն մինչ օրս մեղավորներ չեն գտնվել, թեկուզ ըստ համապատասխան մարմնի հաշվարկների բնությանը հասցվել էր մոտ 6 մլն դրամի վնաս:

Շիկահողի արգելոցը հանդիսանում է խիստ հսկվող հատուկ պահպանվող տարածք: Հիշեցնենք, որ 2016թ.-ին ևս ահազանգ է հնչեցվել ծառահատումների դեպքի մասին: Այդ ժամանակ Բնապահպանության նախարարությունն ու «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ը հերքեցին արգելոցի տարածքում ծառահատման մասին լուրերը՝ պնդելով, որ ծառահատում իրականացվել է «Արցախանտառ» ՊՈԱԿ-ի տարածքում: