Search
Close this search box.

Հայկական կողմին են փոխանցվել զոհված 30 հայ զինծառայողների մարմինները, ՀՀ է վերադարձել 1 քաղաքացիական անձ․ ՊՆ խոսնակ

Հոկտեմբերի 29-ին Ռուսաստանի Դաշնության բացառիկ միջնորդական ջանքերի շնորհիվ, ԿԽՄԿ-ի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային թիմի մասնակցությամբ հայկական կողմին է փոխանցվել ռազմական գործողությունների ընթացքում զոհված երեսուն հայ զինծառայողների մարմինները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Միաժամանակ, ԿԽՄԿ-ի ջանքերով Հայաստան է վերադարձվել մեկ քաղաքացիական անձ:

Իր հերթին հայկական կողմը, հավատարիմ մնալով հումանիտար հրադադարի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածություններին, կրկին պատրաստակամություն է հայտնում ադրբեջանական կողմին հանձնել Արցախի տարածքում գտնվող ադրբեջանցի զինծառայողների մարմինները, մեկնարկել արցախա-ադրբեջանական ռազմաճակատի ողջ երկայնքով ռազմական գործողությունների արդյունքում միջդիրքային հատվածից աճյունների դուրսբերման, ինչպես նաև ռազմագերիների վերաբերյալ տեղեկատվության փոխանցման և հետագայում վերջիններիս փոխանակման գործընթացը»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 40 քաղաքացիական անձ, վիրավորվել է 120 քաղաքացիական անձ։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։ Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։