Search
Close this search box.

Ալիևը հայտարարել է առանց նախապայմանների Մոսկվայում Փաշինյանի հետ բանակցելու պատրաստակամության մասին

դրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտնել է առանց նախապայմանների Մոսկվայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցելու պատրաստակամության մասին:

«Ես նման հրավեր (Մոսկվայում բանակցելու) չեմ ստացել: Բազմիցս մասնակցել եմ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումներին, սակայն Փաշինյանի իշխանության գալուց հետո նման հանդիպումներ չեն եղել»,-«Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում ասել է Ալիևը:

Վերջինս ընդգծել է, որ այդ հանդիպումները դրական էր գնահատում, քանի որ Ռուսաստանը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, կարգավորման գործընթացում առանձնահատուկ դեր ունի:

«Եթե նման հրավեր լինի, մենք դրան միշտ դրական ենք վերաբերվել և հիմա էլ ենք այդպես վերաբերվում»,-ասել է Ալիևը՝ ընդգծելով, որ պատրաստ է առանց որևէ նախապայմանների մեկնել Մոսկվա և բանակցել Փաշինյանի հետ:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 28-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 25 ինքնաթիռ, 223 անօդաչու թռչող սարք, 600 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 6 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 6749 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 1068 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 40 քաղաքացիական անձ, վիրավորվել է 120 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։