Search
Close this search box.

Ձերբակալվել է «Վանաձոր» ՔԿՀ անվտանգության ապահովման բաժնի պետը

ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ղեկավարության, ինչպես նաև առանձին պաշտոնատար անձանց կողմից կատարված կոռուպցիոն հանցագործությունների դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում բացահայտվել է կաշառք ստանալու և պաշտոնեական դիրքի չարաշահման ևս մեկ դեպք:

Մասնավորապես, նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ-ի անվտանգության ապահովման բաժնի պետ Միքայել Ղարաքիշյանը, նույն հիմնարկում պատիժ կրող դատապարտյալ Թամազ Ֆերոյանի և նրա հովանավորության տակ գտնվող մյուս դատապարտյալների օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու համար 2017թ.-ի հունիս-հուլիս ամիսներին Թ. Ֆերոյանից կաշառքի գումարներ է ստացել: Միաժամանակ հիշյալ բաժնի պետը շահադիտական նպատակներով չարաշահել է իր պաշտոնեական դիրքը` օրենքով նախատեսված միջոցներ չի ձեռնարկել կաշառք տված դատապարտյալի և նրա հովանավորյալների խցերի դռները փակելու, ապօրինի պահվող բջջային հեռախոսները վերցնելու և թղթախաղերը կանխելու ուղղությամբ: Ավելին, ՔԿՀ-ի խցերի խուզարկություններն առանձին դեպքերում կրել են ձևական բնույթ, որի հետևանքով դատապարտյալներն անարգել ելումուտ են կատարել տարբեր խցեր, օգտագործել ալկոհոլ և թմրամիջոցներ:

Այսպիսով, ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով և 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու` կաշառք ստանալու և պաշտոնեական դիրքը չարաշահելու կասկածանքով ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի որոշմամբ ձերբակալվել է «Վանաձոր» ՔԿՀ-ի անվտանգության ապահովման բաժնի պետ Մ. Ղարաքիշյանը:

Նախաքննությունը շարունակվում է: