Search
Close this search box.

«Հրապարակ». Զոռբայություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Ժողովրդավարական նորմերի պահանջով հասարակությունը պետք է ավելի ու ավելի շատ մասնակից դառնա երկրի կառավարմանը, եւ ընտրական իրավունքն ավելի լայնորեն պետք է գործի․ ոչ միայն քաղաքական ղեկավարության, այլեւ դատավորների, տարբեր հաստատությունների, համայնքների, արհմիությունների, ստեղծագործական միությունների եւ անգամ համատիրությունների ղեկավարների բաց եւ թափանցիկ ընտրություններ պետք է անցկացվեն։ Սակայն տարեցտարի մեզանում ընտրական համակարգը նահանջում է՝ քվեարկությունները դառնում են ձեւական։ Եվ դա վերաբերում է բոլոր մակարդակի ընտրություններին։

Ազգային ժողովում ու ՏԻՄ-երում առաջադրվում եւ ընտրվում են բացառապես փողատերերը, բուհերի ռեկտորների եւ դպրոցների տնօրենների պաշտոններին՝ իշխանության կամակատարները, անգամ կինեմատոգրաֆիստների ու կոմպոզիտորների միությունների նախագահներն են իշխանության «դրածոները», այլ ոչ թե ստեղծագործող հանրության կողմից ընտրված։ Եվ այս համատարած «փչացման» ֆոնին միայն մի քանի տեղ՝ դպրոցների ուսուցչական կոլեկտիվներն են փորձում պայքարել։ Բայց այդ «մարտերում» էլ, որպես կանոն, հաղթող են դուրս գալիս՝ մարզերում՝ մարզպետները, Երեւանում՝ կրթության նախարարն ու քաղաքապետը։

Օրեր շարունակ մենք գրում էինք Արմավիրի Արտաշար դպրոցի մասին, որտեղ, ի վերջո, մարզպետը, օրենքը ոտնահարելով, իր ուզած մարդուն տնօրեն կարգեց։ Օրեր շարունակ գրում ենք թիվ 17 հատուկ դպրոցի մասին, որտեղ նախարարն ուզում է ամեն գնով իր կուսակցի կնոջը տնօրեն կարգել։ Երեկ Փարաքարի դպրոցի կոլեկտիվն էր ճանապարհ փակել՝ ի պաշտպանություն իրենց տնօրենի։ Այսօր օրենքի խախտմամբ կրկնաքվեարկություն է նշանակվել Արարատի Արբատ գյուղի դպրոցում, որտեղ մարզպետն իր «մարդուն» է ուզում տեսնել տնօրենի աթոռին։ Մինչեւ ո՞ւր»: