Search
Close this search box.

Երեւանում կառուցվել է ամենաերկար զիփլայնը

Երեւանի «Արաբկիր» զբոսայգում կառուցվել է զիփլայն, որն ամենաերկարն է տարածաշրջանում:

Երեւանի քաղաքապետարանիցտեղեկացնում են, որ «Գրին սմայլ» ընկերության կողմից իրականացվող ծրագրի պատասխանատուները նշել են, որ զիփլայնն ունի երկու ուղղություն՝ Արաբկիրից դեպի Աջափնյակ վարչական շրջան՝ շուրջ 870 մ, եւ Աջափնյակից Արաբկիր՝ 650 մ: Նշվել է նաեւ, որ զիփլայնի բարձրությունը 87 մետր է, դրա մի հատվածն էլ, ի դեպ, անցնում է Դավթաշենի կամրջի տակով:

Ներկայացնելով ներդրումային ծրագրի շրջանակում իրականացվելիք մյուս աշխատանքները նշվել է, որ զիփլայնից բացի, զբոսայգում նախատեսվում է ունենալ նաեւ ժայռագնացության, լեռնային հեծանիվների, յոգայի համար նախատեսված հատվածներ, ինչպես նաեւ գրադարան, բացօթյա կինոթատրոն եւ նկարչության համար նախատեսված հատուկ վայրեր: Բացի այդ, այգում կստեղծվեն փոքրիկների համար նախատեսված խաղահրապարակներ: Պատասխանատուները նաեւ նշել են, որ այգում կտեղադրվի ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված հայորդիների հիշատակը հավերժացնող հուշարձան:

Նշվել է, որ նախագիծը կյանքի կոչելու համար արդեն իսկ ծախսվել է շուրջ 80 մլն դրամ, իսկ մինչ ծրագրի ավարտը նախատեսվում է կատարել եւս 45-50 մլն դրամի ներդրում:

Առանձնակի կարեւորելով ներդրումային ծրագրի իրականացումը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ աշխատանքների ավարտից հետո զբոսայգին կդառնա ոչ միայն Երեւանի, այլեւ Հայաստանի զբոսաշրջային կարեւոր գոտիներից մեկը: 2017թ. սկզբին մեկնարկած «ԱլտերԷգո» նախագիծն ամբողջությամբ նախատեսվում է ավարտել 2018թ. վերջին, իսկ մինչ այդ, արդեն շուտով շահագործման կհանձնվի տարածաշրջանի ամենաերկար զիփլայնը: