Search
Close this search box.

Լարված իրավիճակ «Գորիս» ՔԿՀ-ում. կալանավորները այրել են անկողինները, կոտրվել են դռնակներ, վնասվել խցերի փականներ

ՀՀ Արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկում հոկտեմբերի 31-ին արտակարգ միջադեպ է տեղի ունեցել:

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, Գորիսի բանտում Հայաստանի քննչական կոմիտեի եւ քրեակատարողական վարչության աշխատակիցների կողմից ռեժիմային մասնաշենքում քննչական եւ դատավարական գործողություններ կատարելու ժամանակ մասնաշենքի 1-ին եւ 2-րդ հարկերի խցերում պահվող կալանավորված անձանց եւ դատապարտյալների միջեւ առաջացել են անհարկի դժգոհություններ։ Այն վերածվել է խցերի դռներին եւ կերակրադռնակներին հարվածելուն, խցերից հայհոյանքներ եւ վիրավորական արտահայտություններ հնչեցնելուն։

Աղբյուրը հայտնում է, որ այդ ամենով չբավարարվելով՝ մի քանի հոգի այրված անկողնային պարագաներ եւ կենցաղային իրեր են դուրս նետել կերակրադռնակներից եւ պատուհաններից։ Բողոքավորների գործողությունների հետեւանքով կոտրվել են մի քանի խցերի կերակրադռնակներ, իսկ որոշ խցերի փականներ էլ վնասվել են։

Ըստ տեղեկությունների՝ Գորիսի բանտի եւ քրեակատարողական վարչության ծառայողների ձեռնարկված միջոցառումների արդյունքում երեկոյան Գորիսի բանտում անկարգությունները կասեցվել են։ Մեր հավաստի տեղեկություններով՝ տուժածներ չկան։