Search
Close this search box.

Մանկապարտեզում երեխային պատանդ վերցրած տղամարդու կյանքին վտանգ չի սպառնում. նա ձերբակալված է

Նախօրեին Արմավիրի մարզում գործող «Մանուշակ» մանկապարտեզում մանկահասակ երեխային պատանդ վերցրած տղամարդը ձերբակալվել է: Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակիցը տեղեկացավ Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանից:

ՔԿ նախագահի խորդրդականը նաև տեղեկացրեց, որ տղամարդը վիրահատվել է, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Մանկապարտեզում կատարված դեպքերի զարգացման մանրամասներն էլ պարզվել են, մանրամասն տեղեկություններ կտրամադրեն հաղորդագրությամբ:

Նշենք, որ տղամարդը ինքնավնասում էր կատարել՝ իր մոտ գտնվող դանակով հարվածելով կրծքավանդակի շրջանին:

Հիշեցնենք, որ տղամարդը մանկապարտեզ էր մտել և պատանդ վերցրել մանկապարտեզի սանը՝ 29.01.2015թ. ծնված մի տղայի։ Նա իր մոտ գտնվող դանակի սպառնալիքով պատանդ է պահել երեխային՝ վերջինիս ազատելու համար պահանջելով հանդիպում կազմակերպել իր նախկին կնոջ հետ, մեկուկես ժամ տևած բանակցություններից հետո համաձայնել է ազատ արձակել երեխային՝ կնոջ հետ հանդիպելու դիմաց:

Իրավապահ մարմինների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հաջողվել է վնասազերծել նրան և երեխան անվնաս ազատ է արձակվել։

Տղամարդու նախկին կինը աշխատում է նշված մարնկապարտեզում դաստիարակչուհի, այնտեղ է աշխատում նաև նրանց երեխայի տատիկը՝ կնոջ մայրը:

Մեր տեղեկություններով՝ տղամարդը գնացել է մանկապարտեզ, երեխային է մոտեցել և ցանկացել է նրան տանել իր հետ, սակայն երեխան չի գնացել: Այդ պահին մոտեցել է երեխայի տատիկը, ապա նաև՝ մայրը: Երեխային հաջողվել է նրա մոտից տանել, սակայն տղամարդը այդ պահին պատանդ է վերցրել մեկ այլ երեխայի և պահանջել է, որ իր երեխային տան իրեն:

Այդ ընթացքում վնասվածք է ստացել իր երեխայի մայրը, ով ևս վիրահատվել է, և նրա կյանքին վտանգ չի սպառնում: Պարանոցի շրջանում վնասվածք է ստացել նաև երեխայի տատիկը:

Հարուցել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով։