Search
Close this search box.

Իմ որդիները ջերմոց կամ այգի են կառուցում, պտի չկառուցե՞ն: Էս երկրում ապրելու իրավունք չունե՞ն. ՊԵԿ նախագահ

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանն խորհրդարանում վրդովվեց հարցից, թե արդյոք շահերի բախում չկա նրանում, որ իր որդիների հետ փոխկապակցված ընկերությանը հարկային արտոնություններ են տրվում.«Բոլորին արտոնություն տրվում է: Բոլոր նրանք, ովքեր էդ մասով ներդրումներ են անում, այսինքն՝ գյուղատնտեսության ոլորտում, ստանում են: Մեքենա-սարքավորումների ներմուծումը հունվարի 1-ից ազատվում է, և այդ արտոնությունը տրվել է այն կոնտեքստում, որ ամսի մեկից նորից այդ գանձած գումարների հետ վերադարձի խնդիր չառաջանա»,- նշեց նա՝ հավելելով, որ չկա ընկերություն, որը դիմած լինի և այդ արտոնությունից ստացած չլինի:

Թե իսկ ինչպե՞ս է ստացվում, որ հարկային արտոնություններ ստացող ընկերությունների 30 տոկոսը փոխկապակցված են պաշտոնյաների հետ, ՊԵԿ նախագահը պատասխանեց՝ իսկ ո՞վ ասաց, որ պաշտոնյաների ազգականներն իրավունք չունեն արտոնությունից օգտվելու, սահամանափակում կա՞:«Ես բարձրաձայն հնչեցնում եմ, որ բոլորին է թույլատրվում, բոլոր էն տնտեսվարողները, ովքեր դիմում են, ստանում են էդ արտոնությունը, ավելին, հունվարի 1-ից դա բոլորի համար է գործելու», հայտարարեց նա:

Կառավարությունը մի կողմից հայտարարում է, որ պայքարում է շահերի բախման դեմ, օրենքներ է ընդունում այդ ուղղությամբ, բայց մյուս կողմից նմանօրինակ արտոնություններ են տրվում պաշտոնյաների հետ փոխկապակցված անձանց, դա նորմա՞լ է, հարցին ի պատասխան Վարդան Հարությունյանը նշեց. «Իմ որդիները ջերմոց կամ այգի են կառուցում, պտի չկառուցե՞ն: Էս երկրում ապրելու իրավունք չունե՞ն»: Երբ լրագրողները նկատեցին, որ արտոնյալները ջերմոց են կառուցում, իսկ հասարակ գյուղացին այդ հնարավորությունը չունի, ՊԵԿ նախագահն ասաց, որ թող գյուղացիներն էլ նույնն անեն, ոչ մի արգելք չկա: Դիտարկմանը, որ այդ դեպքում գյուղացու համար այդ բիզնեսը շահավետ չէ, նա վրդովվեց. «Ո՞վ ասաց, իմ որդիները ապրանքը արտահանում են: Լավ, եղավ, հասկացանք, ներդրում էլ չենք անի էս երկրում, ամեն ինչ հասկանալի ա»: