Search
Close this search box.

Երևանում աղմկահարույց սպանության հետ կապված՝ աշխատանքից ազատվել է Թումանյանի Ոստիկանության բաժնի պետը

Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ՀՀ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով աշխատանքից ազատվել է Ոստիկանության Թումանյանի բաժնի պետ Վահագն Մոսինյանը։ ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով՝ Արտակ Գյուրջինյանը նշանակվել է Ոստիկանության Թումանյանի բաժնի պետ՝ ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով ազատվելով Ոստիկանության Բազումի բաժնի պետի օպերգծով տեղակալի պաշտոնից։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Թումանյանի բաժնի ոստիկանության պետ Վ. Մոսինյանի ազատման պատճառը Երևանում սեպտեմբերի 14-ին տեղի ունեցած կրակոցներով զուգորդված աղմկահարույց սպանությունն էր։

Հիշեցնենք, որ սպանության համար հետապնդվող Ալբերտ Բլբուլյանը և Արմեն Կարադավիդովը հայտնաբերվել են Վրաստանում: Նրանք Վրաստան են ներթափանցել Թումանյանի տարածքից, ինչով էլ պայմանավորված է Վահագն Մոսինյանի պաշտոնանկությունը:

Ըստ կայքի՝ վրացական կողմը զարմացել է Հայաստանի իրավապահների ստացված օպերատիվ տեղեկությունների իրական լինելու մասին, քանի որ հետախուզման մեջ գտնվողները կերպարանափոխված են եղել, մասնավորապես, շրջել են ցնցոտիներով, ինչը կասկած չի հարուցել վրացական կողմի մոտ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի Հանրապետության Ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայողները, հետևողական, լայնածավալ ու համակարգված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, սերտորեն փոխգործակցելով Վրաստանի ներքին գործերի նախարարության գործընկերների հետ, հոկտեմբերի 29-ին Վրաստանի տարածքում հայտնաբերել էին սեպտեմբերի 14-ին Երևանի «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ տեղի ունեցած հանցագործությունը կատարելու համար հետախուզվող 35-ամյա Ալբերտ Բլբուլյանին և 33-ամյա Արմեն Կարադավիդովին: