Search
Close this search box.

«Հրապարակ». Հերթական աղմկահարույց նախագիծը կներկայացվի ԱԺ-ի քննարկմանը. «բոմբերն» առջևում են

«Հրապարակ» թերթը գրում է. «Առաջիկայում հերթական աղմկահարույց նախագիծը կներկայացվի ԱԺ-ի քննարկմանը: Խոսքը 2003-ից գործող ՀՀ քրեական օրենսգրքի նախագծի մասին է, որը բովանդակային լուրջ փոփոխության է ենթարկվել, քանի որ այն հնացած է համարվում: Մասնավորապես՝ օրենսգրքի «Սահմանադրական իրավունքների եւ ազատությունների դեմ ուղղված հանցագործություններ» բաժնում ներառված է խտրականությունը, որը, փաստորեն, քրեականացվել է: Նախագծի 197 հոդվածում, որտեղ կիրառվում է «սեռական կողմնորոշում» եզրույթը եւ սահմանում է, որ խտրականությունը` մարդու իրավունքները, ազատություններն ու օրինական շահերն ուղղակի կամ անուղղակի խախտելը` կախված մասնավորապես սեռական կողմնորոշումից, պատժվում է տուգանքով` առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` առավելագույնը 80 ժամ տեւողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը 2 տարի ժամկետով:

Խտրականությունը, որը կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, պատժվում է տուգանքով` քսանապատիկից հիսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` 80-150 ժամ տեւողությամբ, կամ որոշակի պաշտոն զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը 5 տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը 3 տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը 2 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 2 տարի ժամկետով: Այս հոդվածն արդեն իսկ մեծ հակազդեցություն է առաջացրել նախագծին ծանոթացած որոշ անձանց մոտ: Ոմանք դրույթը որակում են «ապազգային, հակաբարոյական» եւ մտավախություն են հայտնում, որ «ոչ ավանդական» սեռական կողմնորոշում ունեցողները կարող են օգտվել առիթից եւ հիշյալ հոդվածին հղում անելով՝ շանտաժի ենթարկել ուրիշներին»։

Մանրամասը` թերթի այսօրվա համարում: