Search
Close this search box.

«Գիշեր թե ցերեկ, ցրտին թե տապին պետք է ամենայն պատասխանատվությամբ կատարել սեփական պարտականությունները».Դիրքի ավագը

Կրտսեր սերժանտ Մայիս Արսենի Մանուչարյանը ծնվել է 1997թ. դեկտեմբերի 7-ին Դիլիջանում: Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում, այնուհետև 2012-2015թթ. ուսումը շարունակել է Դիլիջանի պետական քոլեջում` ձեռք բերելով ավտոփականագործի մասնագիտություն: Զորակոչվել է զինծառայության 2016 թվականին:

Ունենալով գիտելիքների որոշակի պաշար և օժտված լինելով կազմակերպչական ունակություններով՝ Մայիս Մանուչարյանը ծառայության առաջին իսկ օրերից դրսևորել է մասնագիտական ունակությունները կատարելագործելու պատրաստակամություն և հասել ցանկալի արդյունքների: Այս ամենն անմիջապես գրավել է հրամանատարության ուշադրությունը, և նա, անցնելով կրտսեր հրամանատարական դասընթացներ, արժանացել է կրտսեր սերժանտ զինվորական կոչման:

Ապրիլյան առճակատման ժամանակ Մ. Մանուչարյանը դեռևս նախապատրաստական ստորաբաժանման կազմում էր: Բայց քանի որ հակառակորդն իրենց ուղղությամբ նույնպես մարտական գործողություններ է ձեռնարկել, նա ինքնըստինքյան դարձել է ծավալված իրադարձությունների մասնակիցը: Ինչպես հայտնի է, մեր տղաների ճիշտ և ժամանակին ձեռնարկած քայլերի շնորհիվ, «Եղնիկներում» հնարավոր էր դարձել առանց կորուստների հետ մղել հակառակորդին՝ խափանելով նրա մտադրությունները: Մ. Մանուչարյանի համար սա մարտական մկրտություն էր և ստանձնելով դիրքապահի, իսկ այնուհետև դիրքի ավագի պարտականությունները՝ կրտսեր սերժանտն առաջադրված մարտական խնդիրները կատարել և կատարում է ամենայն պատասխանատվությամբ` գիտակցելով, թե դիրքերում որքան կարևոր են թեկուզև մանրուք թվացող պարտականությունների ճիշտ ու ժամանակին կատարումը:

Ինքն անձամբ սեփական ձեռքբերումները պայմանավորում է բարեխիղճ ու պատասխանատու զինծառայությամբ: «Նախքան կրտսեր հրամանատարական կոչմանն արժանանալը՝ լինելով շարքային, կարողացել եմ ճիշտ հասկանալ շարքային անձնակազմի հոգեբանությունը, վերադաս հրամանատարության կողմից մեր նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքի նրբությունները: Դրանք օգտագործելով` հարգալից վերաբերմունք եմ ցուցաբերել ինչպես ծառայակից ընկերների, այնպես էլ վերադաս հրամանատարության նկատմամբ: Այս ամենը զուգորդելով զինծառայության մեջ հմտանալու, գիտելիքներս անընդհատ խորացնելու և տրված հրահանգները ժամանակին կատարելու հետ, կարողանում եմ հաջողություններ արձանագրել»,- մեզ հետ զրույցում ասաց կրտսեր սերժանտ Մ. Մանուչարյանը՝ հավելելով, որ եթե մարդու մեջ հայրենասիրական մղումներ են լինում, ապա նա այդ ամենը կարողանում է կատարել պատշաճ մակարդակով ու հպարտության զգացումով:

«Ինչ վերաբերում է կոնկրետ դիրքի ավագի պարտականությունների կատարմանը, ապա այդ սրբազան առաքելությունը պատվով կատարելու առաջին նախապայմանը զգոնությունն է: Գիշեր թե ցերեկ, ցրտին թե տապին պետք է ամենայն պատասխանատվությամբ կատարել սեփական պարտականությունները: Բացի զգոնությունից, որպես դիրքի ավագ պետք է կարողանալ ճիշտ կազմակերպել դիրքում իրականացվող բոլոր գործընթացները՝ պահպանելով արդարության սկզբունքը: Դրա համար այնպես եմ կազմակերպում ծառայությունը, որ բոլոր զինծառայողներն էլ հավասարաչափ կերպով ընդգրկված լինեն առաջադրված խնդիրների կատարմանը՝ կենցաղայինից մինչև մարտական հերթապահություն: Արդյունքում տղաների մոտ ձևավորվել է ընկերական հարաբերություններ, պատրաստ ցանկացած հարցում օգնելու մեկմեկու, դժվարությունները միասնաբար հաղթահարելու: Իմ կարծիքով այլ կերպ հնարավոր չէ կատարել դիրքապահի պարտականությունները»,- ասաց դիրքի ավագ, կրտսեր սերժանտ Մայիս Մանուչարյանը` ընդգծելով, որ այս ամենն ինքն ասում է սեփական փորձից ելնելով՝ գործնականում դրանց նշանակությունը գիտակցելով:

Զինծառայողների հետ զրուցել է Հրայր Փաշայանը