Search
Close this search box.

Անահիտ Բախշյանի մտահոգությունն ու հանձնարարականի ակնկալիքով նամակը՝ Արմեն Ամիրյանին

Պարոն Ամիրյան, ստորև կարդացի Նարեկի գրառումն ու ապշեցի, որ Հայաստանում կարող է նման արգելք գործել: Չեմ կարծում, որ թե՛ Դուք, թե՛ մեր մշակույթի նախարարները Եվրոպայում, ԱՄՆ-ում չեն այցելել թանգարաններ ու պատկերասրահներ, որտեղ մի՛շտ կան ուսանողներ և աշակերտներ, որովհետև դրանք արվեստի տարբեր ճյուղեր ուսումնասիրողների համար այն կրթական միջավայրն են, որոնք հնարավորինս պետք է բաց լինեն աշակերտների, ուսանողների, գիտնականների, հետազոտողների համար: Հետևաբար, Ձեզ եմ դիմում համապատասխան հանձնարարականի ակնկալիքով:
Հաջորդ մտահոգությունս, որից նույնպես ապշել եմ:
Կներեք, Ձեզ համար հասկանալի՞ է, թե ինչո՞ւ պետք է արվեստաբանը վճարի թանգարանի էքսպոնատի կամ Մատենադարանում պահվող որևէ փաստաթղթի պատճենի համար, այն էլ 8000 դրամ: Կարծում եմ այս որոշումն էլ պետք է վերանայվի:
Հաջորդը՝ սովետից մնացած շատ վատ ավանդույթ է աշխատակիցների ոչ բարեհամբույր, ոչ ժպտադեմ վերաբերմունքը, որի վերաբերյալ այստեղ կտեսնեք շատ գրառումներ: Հանձնարարեք, պահանջեք նրանցից այցելուներին պատշաճ ընդունեն ու ճանապարհեն: Նրանք մեղավոր չեն, որ իրենք շատ ցածր աշխատավարձ են ստանում:
Վստահ եմ Ձեզ էլ մտահոգեց Նարեկի այս ու տակն արված բոլոր գրառումները, որոնք մեկը մեկից ավելի արժանի են համապատասխան արձագանքի ու լուծումների, որոնց սպասելու ենք:
Իմ ամառային այցելությունից էլ մի մտահոգություն: Դրսից եկած հյուրերիս հետ մտել ենք պատմության թանգարան, դռան մոտի նստած աղջկանից տոմս ենք առել ու բարձացել: Երկրորդ հարկում շրջելուց հետո ուզում ենք մտնել այլ սրահ, ասում են ո՞ւր է տոմսը: Ասում ենք ահա, պարզվում է այդ տոմսը մեր ուզած սրահի համար չէ: Փորձում եմ դրամարկղում հասկանալ ինչի մասին է խոսքը, շատ սառը ու արհամարհական դեմքով մի կին փորձում է ինձ համոզել, որ ես կարդալ չգիտեմ, որովհետև իր թիկունքի պաստառի վրա գրված է, թե ո՞ր սրահի տոմսն ինչ արժե ու դրանք տարբեր են: Ասում եմ ինչո՞ւ միասնական մի տոմս չեք վաճառում, ասում է, որովհետև տարբեր, չգիտեմ ինչ հիմնարկներ են և ամեն մեկի տոմսն առանձին է վաճառվում: Այս պարագայում Դուք պատկերացնո՞ւմ եք տուրիստի վիճակը, իսկ կառավարությունն ու անձամբ Դուք, ուզում եք զարգացնել տուրիզմը՞:
Ազնիվ խոսք, խոր ցավով եմ ասում, չի՛ ստացվի:
Ի դեպ, տուրիստի համար էլ է շատ հետաքրքիր լինելու, եթե պատկերասրահներում, թանգարաններում տեսնի նկարող, գրող, ուսումնասիրություններ կատարող ուսանողների ու աշակերտների, գուցե նրանք տուրիստների համար շատ ավելի կենդանի ու հետաքրքրական դարձնեն պատկերասրահներն ու թանգարանները: Այս մասին Ձեզ պաշտոնապես էլ եմ գրելու՝ լուծումների մասին պատասխանի ակնկալիքով:

Հարգանքներով՝ Անահիտ