Search
Close this search box.

«Միքին բացարձակապես օգտակար չեղավ». երկրպագուները դժգոհ են մնացել Մխիթարյանի խաղից

Անգլիայի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Թրաֆորդում» նվազագույն հաշվով հաղթել է «Տոտենհեմին»:

Խաղի միակ գոլը 81-րդ րոպեին խփել է «կարմիր սատանաների» ֆրանսիացի հարձակվող Անտոնի Մարսիալը:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը տանտերերի մեկնարկային կազմում է դուրս եկել խաղադաշտ, սակայն փոխարինվել է 65-րդ րոպեին:

«express.co.uk»-ն առանձնացրել է անգլիական թիմի երկրպագուների արձագանքը հայ ֆուտբոլիստի խաղին` «Երկրպագուները կոպիտ մեկնաբանություններ են կատարել Մխիթարյանի խաղի վերաբերյալ» վերնագրով հոդվածում:

Երկրպագուները հիմնականում «պահանջել են» Մխիթարյանի փոխարինումը.

«Լինգարդը պետք դաշտ դուրս գա Մխիթարյանի փոխարեն»,- գրել է @ManUtdUpdate_sօգտատերը:

«Ինչ-որ մեկը պետք է դաշտ դուրս գա Մխիթարյանի փոխարեն. նա անօգուտ է»,- գրել է @DMCI6955-ը:

«Մխիթարյանը հիմնականում չի երևում «10 համարի» դիրքում և թվում է` չի ցանկանում օգնել պաշտպանությունում: Նա պետք է ցույց տա իրեն»,- գրել է @Aobrien7-ը:

«Առաջին կեսում եթե ինչ-որ բան բնորոշում է մեզ, ապա դա Մխիթարյանն է: 36-րդ րոպեին չկարողացավ կատարել իր առջև դրված խնդիրը: Աններելի պակաս ջանք և նվիրվածություն: Ինչպես ասացին մեկնաբանները «Իսկապես խղճուկ կատարում էր Մխիթարյանի կողմից»,- գրել է Simon Salpigtidis-ը:

Vishnu Sreekumar. «Միքին բացարձակապես օգտակար չեղավ: Գիտեմ, որ երկրպագուները սիրում են նրան: Բայց վերջին շրջանում նա շատ է զիջում: Աստված իմ, որքան ենք մենք հիմա զգում Պոգբայի պակասը»:

De Gusto. «Մխիթարյանն այս խաղում կարծես հանդիսատես լիներ: Կարծում եմ` ճիշտ ժամանակն է, որ նա սկսի նստել պահեստայինների նստարանին»:

James Mutwiri. «Մխիթարյանը վատագույն ֆուտբոլիստն է, որին ես տեսել եմ «Մանչեսթեր Յունայթեդում»: Նա չի կարողանում փոխանցում կատարել, գնդակը կորցնում է պատանեկան ակադեմիայի խաղացողի պես, շատ թույլ է»:

Հիշեցնենք` «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմում «Whoscored»-ի կողմից ևս ամենացածր գնահատականը ստացել էր Հենրիխ Մխիթարյանը` 6,3: Հայ ֆուտբոլիստը մրցակցի դարպասին մեկ հարված էր կատարել: Վերջինիս փոխանցման ճշտգրտությունը 62 % է: