Search
Close this search box.

ՖՈՏՈ. Նկարս եմ բերել, որ միշտ հիշեք ձեր գժուկին. սահմանին զոհված Աշոտը երազում էր գեներալ դառնալ

Armeniasputnik.am-ը գրում է. Աշոտ Միքայելյանը դեռ մանկուց էր որոշել զինվորական դառնալ ու հայրենիքը պաշտպանել։ Համադասարանցիների հետ տարեվերջյան համատեղ լուսանկարում նրա ձեռքից ոչ ոք չկարողացավ իր ձեռքով պատրաստած երկաթե հրացանը վերցնել։ Դասընկերները կատակում են` ո՞վ այդքան «դուխ» ուներ։

Աշոտը ուժեղ տղա էր։ Դժվար մանկությունն ու խաղալիքների բացակայությունը նրան չէին կոտրել, կյանքի դժվարությունները բազմաթիվ անգամ էր հաղթահարել ու պատասխան հարված հասցրել, անցել էր Ապրիլյան քառօրյա պատերազմի միջով, բայց հուլիսի 27-ին զոհվեց դիպուկահարի կրակոցից։ Sputnik Արմենիան զրուցել է նրա ուսուցիչների ու համադասարանցիների հետ։

29-ամյա Աշոտը Վանաձորից էր։ Սովորել է Վահան Տերյանի անվան թիվ 5 դպրոցում։ Նրան դասավանդած ֆիզկուլտուրայի ուսուցիչ Լյովա Հովհաննիսյանը չի ուզում հավատալ լսածին։ Ախր Աշոտին գնդակ չէր կպնի. այնքան ճարպիկ էր։

«Աշոտին ճանաչել եմ, երբ 4-րդ դասարանում էր սովորում։ Աշխույժ ու ճարպիկ երեխա էր դպրոցում։ Վարժություն էի հանձնարարում, որ չորեքթաթ պետք է վազեին, ինքը բոլորից արագ էր վազում, շատերը սովորական վազքով հետևից չէին հասնում։ Չեմ ուզում հավատալ… Դեռ դպրոցում էր ասում, որ ինքը զինվորական է դառնալու։ Նոր էլ Աշոտի դասընկերներն ինձ մի դեպք հիշեցրին։ Դասի ժամանակ մի օր հարցրի` ինչ եք ուզում դառնալ, ով է ձեր հերոսը։ Հերթը հասավ Աշոտին, ասեց` ընկեր Հովհաննիսյան, իմ հերոսը Վարդան Մամիկոնյանն է, ես էլ ուզում եմ օդաչու դառնալ, բայց անպայման պետք է գեներալի կոչում ստանամ»,–հուզմունքը զսպելով` պատմեց ուսուցիչը։

Նրան սիրում էին բոլորը, աղջիկները` անմոռաց սիրահարվում․ պատմում են Արթուրին ճանաչողները
Աշոտի հետ սիրտ սրտի 2 տարի առաջ էին զրուցել, երբ նրա գլխավորությամբ դասընկերները հավաքվել էին դպրոցն ավարտելու 10-ամյակը նշելու։

Հովհաննիսյանը Աշոտի դասարանին շատ է սիրում, ասում է` 12 տարի է, ինչ դպրոցն ավարտել են, բայց ուսուցիչներին չեն մոռանում, դրա համար էլ ցավը շատ մեծ է։

Նրա դասղեկ Անահիտ Պետրոսյանն էլ վստահեցնում է` Աշոտը ամենահամարձակներից մեկն էր դպրոցում, իսկ տանը` ծնողների թևն ու թիկունքը։

«Շատ ազնիվ, ընկերասեր ու անչափ աշխատասեր տղա էր։ Փոքրիկ հողամաս ունեին, կով էին պահում։ Շատ անգամ ինքն էր կերակրում, գոմը մաքրում, իսկ դասընկերներից հեչ չէր քաշվում, եթե վրայից հանկարծ հոտ առնեին։ Շատ հաստատակամ, դուխով բնավորություն ուներ, իր խոսքի տերն էր Աշոտս»,–պատմում է դասղեկը։

Նրա խոսքով` Աշոտը երազում էր զինվորական դառնալ և ընդունվեց ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան։

«Մինչև հիմա աչքիս առաջ է Աշոտի պարը «Վերջին զանգի» միջոցառման ժամանակ։ 2008 թվականին` դպրոցն ավարտելուց հետո, Ամանորին մեր տուն էր եկել , շնորհավորեց, նշեցինք, վերջում էլ իր լուսանկարը տվեց, ասեց` ընկեր Պետրոսյան, նկարս եմ բերել, որ միշտ հիշեք ձեր գժուկին։ Էնքան էի հուզվել, մի տեսակ սիրտս լավ բան չգուշակեց, բայց հավատում էի, որ նրան կրակ չի կպնի»,–ասաց դասղեկը։
Աշոտի դասընկերներն անսահման հուզված են։ Երկու օր է` զանգում են իրար ու հիշում Աշոտի հետ կապված պատմությունները։

Համադասարանցիներից մեկը` մասնագիտությամբ բժիշկ Հմայակը, հիշելու շատ բան ունի. իրար հետ են մեծացել։

Ասում է` հեշտ մանկություն չտեսավ Աշոտը, կենցաղային պայմաններն այնքան էլ լավը չէին, բայց դրանից չէր նեղսրտում, անսահման բարի էր, թույլի կողքին կանգնող։ Աշոտն իր կյանքի հստակ կանոններն ուներ ու երբեք չէր հրաժարվում իր սկզբունքներից։

«Դպրոցում բավականին չարաճճի էր, որ մի օր դասի չէր գալիս, գիտեինք` մի վնասվածք ստացել է։ Հիշում եմ` ամբողջ դասարանով պետք է նկարվեինք, ինքն իր սարքած խաղալիք ավտոմատը ոչ մեկին չտվեց, այդպես էլ նկարվեց։ Դե, Աշոտի ձեռքից ով կարող էր ավտոմատ վերցնել»,–վերհիշեց դասընկերը։

Ձեռքից շատ բան էր գալիս, դեռ փոքր ժամանակ իր ու ընկերների համար խաղալիքներ էր պատրաստում, ու նրա պատրաստած ինքնաթիռները թռչում էին, մոտորանավակները` ջրի վրա ընթանում։

«Մի դեպք եմ հիշում, 7-8-դասարան էինք, երիտասարդ ուսուցչուհի ունեինք, բոլորս սիրահարված էինք, Աշոտն էլ։ Մի օր նկատեցի, թե ինչպես է իր ձեռքերը թաքցնում ուսուցչուհուց, ամաչում էր։ Ուսուցչուհին նկատեց, սկսեց հարցեր տալ, ու ամբողջ դասարանն իմացավ, որ դժվար կյանքով է ապրում Աշոտը։ Ուսուցչուհին ժպիտով նայեց ու ասեց, որ ծնողին օգնելու համար ամաչել պետք չէ, ընդհակառակը պետք է հպարտանալ ու չթաքցնել ձեռքերը։ Աշոտը տանը շատ էր տղամարդու գործեր անում, ձեռքերը միշտ կոշտուկների մեջ էին։ Ինքն ու եղբայրը իրենց հայրիկին օգնում էին ամեն հարցում, անգամ մեծ բեռնատար մեքենայի (հայրը բեռնափոխադրող էր ) շարժիչն էին կարողանում քանդել ու վերանորոգել»,–պատմեց Հմայակը։

Դասընկերոջ խոսքով` Ապրիլյան պատերազմից հետո Աշոտը շատ էր փոխվել , ասես միանգամից մեծացել էր։

Մանրամասը՝ սկզբնաղբյուրում