Search
Close this search box.

«Ժողովուրդ». Նախարարության շենքի ճակատագիրը որոշելու է կառավարությունը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության շենքը այդպես էլ չի վաճառվում` գնորդ չունենալու պատճառով: Տեղեկացնենք, որ երեկ եւս պետք է տեղի ունենար գերատեսչության շենքի աճուրդը: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ աճուրդը կրկին չի կայացել գնորդ չլինելու պատճառով: ՀՀ պետական գույքի կառավարման վարչությունից մեզ փոխանցեցին, որ շենքի հաջորդ հերթական աճուրդը կկայանա նոյեմբերի 15-ին: Ի դեպ, գույքի գնահատված արժեքը կազմում է 13 մլրդ 223 մլն 413 հազար դրամ: Ի տարբերություն սովորական աճուրդների՝ այս շենքի դեպքում գինը աճուրդից աճուրդ անփոփոխ է մնում:

Նշենք, որ ՀՀ կառավարությունը անցած տարվա նոյեմբերի 14-ից է փորձում վաճառել նախարարության շենքը, բայց այդպես էլ չի հաջողվում: Այդ պատճառով ՀՀ կառավարությունը այս տարվա օգոստոսի 3-ին որոշել էր նշված նախարարության շենքը դասական աճուրդով օտարել: ՀՀ պետական գույքի կառավարման վարչությունից «Ժողովուրդ»-ին հայտնեցին, որ կառավարության որոշմամբ սահմանվել է, որ շենքը վաճառելու նպատակով 6 ամսվա ընթացքում պետք է կազմակերպվեն աճուրդները: Եւ 15 օրը այն ժամկետն է, որը պահանջվում է աճուրդից առաջ առնվազն հրապարակային ծանուցում անելու համար: Այս պատճառով է մինչեւ վաճառվելը հաջորդաբար իրականացվում նախարարության շենքի աճուրդը: Իսկ եթե վեց ամսվա ընթացքում շենքը չվաճառվի, ապա այս դեպքում արդեն շենքի ճակատագիրը պետական գույքի կառավարման վարչությունը չի որոշելու, այլ կառավարությունը: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ շենքի աճուրդը կկազմակերպվի մինչեւ հաջորդ տարվա փետրվարի 3-ը: Իսկ եթե մինչ այս ժամանակահատվածը չծախվի, ապա կառավարությունը լրացուցիչ կորոշի կրկին աճուրդի հանել այն, թե ոչ»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: