Search
Close this search box.

ՊՆախարարի եզրափակիչ ելույթում, ցավոք, ոչ մի հավաստումներ, հերքումներ կամ անդրադարձ չեղավ. ԱԺ պատգամավոր Լենա Նազարյան

Եթե փորձեմ ամփոփել ԵԼՔ-ի դիրքորոշումները «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նախագծի վերաբերյալ, ապա կառանձնացնեմ այս երեք հիմնական կետերը, որոնց վերաբերյալ ՊՆախարարի եզրափակիչ ելույթում, ցավոք, ոչ մի հավաստումներ, հերքումներ կամ անդրադարձ չեղավ:
Թեման շեղվեց՝ իսկ դու ծառայել-չես ծառայել, 18 հոգևորականի հետևից եք ընկել և այլ մանրախնդիր հարցերով…

1. ՊՆախարարը հարց ու պատասխանի ժամանակ չհաստատեց, որ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի, Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց, Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսության և Հնդկաստանի Կալկաթայի մարդասիրական ճեմարանի սաներին ու միաբաններին պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու պրակտիան այլևս չի շարունակվի: Կարծում եմ պետք էր այդ որոշմամբ գար, հետո՝ խոսեր համընդհանուր արդարությունից:

2. Փախուստի ամենալայն բացված դուռը բժշկական հանձնաժողովներն են: Պաշտոնական վիճակագրության համաձայն բանակից ազատվող 100 չզորակոչվածից 90-ն ազատվում է բժշկական ցուցումով: Միայն այս փաստը բավարար էր, որ սա դառնար նախարարի ամենաթիրախավորված ոլորտը՝ բարեփոխումներ սկսելու համար: Մեր առաջարկն էր սկսել ամենախորքային խնդրից, արդյունքներ ունենալ: Տարկետումից չխուսափեն՝ բժշկական հանձնաժողովով կխուսափեն: Սա էր ասվածը:

3. Եվ պետության քաղաքականության մասին: ՊՆախարարը փորձում է իր ոլորտ գրավել երիտասարդներին՝ առաջարկելով տարբեր ծրագրեր և արտոնություններ: Իսկ ի՞նչ է առաջարկում ԿԳՆախարարը, որ երիտասարդների համար գրավիչ լինի նաև կրթության և գիտության ոլորտը: Ես չեմ տեսնում որևէ համարժեք գրավիչ ծրագիր կրթության և գիտության ոլորտում, որը կոգևորի երիտասարդին, նրան գումար աշխատելու հնարավորություն կտա և հեռանկար կբացի: Իմ կարծիքով խնդիր է, որ պետության վարած քաղաքակնությունն այնպիսին է, որ երիտասարդի համար գումար աշխատելու, կարգավիճակ ստանալու, անգամ գիտական նվաճումներ ունենալու միակ հեշտ հասանելի դաշտը մնում է ռազմականը: Ի վերջո, ինչո՞ւ հարյուրավոր երիտասարդներ (չհաշված մի փոքր խումբ) դուրս չեկան փողոց և չդժգոհեցին տարեկետման վերացման համար: Որովհետև նրանցից շատ քչերն են տեսնում իրենց ապագան գիտության մեջ, որովհետև պետությունն իրենց համար գիտական կարիերա անելու հեռանկար չի տալիս, որպեսզի նրանք պայքարեն դրա համար:

ԱԺ պատգամավոր Լենա Նազարյան