Search
Close this search box.

ՀՀ բոլոր բուհերում ընթանում է ստորագրահավաք` տարկետման իրավունքի պահպանման նպատակով

Հիմք ընդունելով ակադեմիական տարկետման խնդրի շուրջ ծավալված աշխույժ բանավեճը՝ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնությունն արձանագրում է, որ նախընթաց օրերին ծավալված գործունեությունը տվել է կարևոր արդյունք՝ հարցի շուրջ սկսվել են լայն քննարկումներ հասարակական-քաղաքական շրջանակներում։

Նախաձեռնությունը կարևորում է բուհական տարկետման՝ որպես պետության գիտակրթական կյանքի զարգացման կարևոր երաշխիքի պահպանման կողմնակիցների շարքերի ակտիվ համալրման գործընթացը։ Ողջունելի են պայքարի ինքնաբուխ դրսևորումներն ուսանողության շրջանում, մասնավորապես՝ ԵՊՀ պատմության ֆակուլտետում սկսված դասադուլը ս․թ․ հոկտեմբերի 25-ին։

Տեղեկացնում ենք, որ ներկայումս ՀՀ բոլոր բուհերում ընթանում է ստորագրահավաք․ երկու օրում տարկետման իրավունքի պահպանման գաղափարին համերաշխություն են հայտնել շուրջ 1400 ուսանողներ և պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ։ Ցանկանում ենք արձանագրել, որ նախաձեռնության անդամները բուհական տարկետման խնդրի շուրջ հանդիպում չեն ունեցել ո՛չ պաշտպանության և ո՛չ էլ կրթության ու գիտության նախարարների հետ՝ չնայած վերջիններիս հավաստիացումներին։

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնությունը շարունակելու է պայքարը ԱԺ-ում օրինագծի քննարկման առաջինից երկրորդ ընթերցում անցման փուլում՝ նպատակ ունենալով տեղ հասցնելու ուսանողության և դասախոսական կազմի մտահոգություններն ու պայքարի տարբեր դրսևորումների գործադրմամբ հասնելու տարկետման իրավունքի՝ որպես ինստիտուտի պահպանմանը։