Search
Close this search box.

Մոսկվան արգելափակել է Սիրիայում քիմիական զենքի կիրառման հետաքննությունը

Ռուսաստանը օգտագործել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդում իր վետոյի իրավունքը և արգելափակել ամերիկյան կողմի առաջ քաշած բանաձևը, որով մեկ տարով առաջարկվում էր երկարաձգել Սիրիայում քիմիական զենքի կիրառումները հետաքննող տեսուչների լիազորությունները:

Անվտանգության խորհրդի 11 երկիր աջակցել են բանաձևը, սակայն Ռուսաստանն ու Բոլիվիան դեմ են քվեարկել փաստաթղթին, իսկ Ղազախստանն ու Չինաստանը ձեռնապահ են մնացել:

Ռուսաստանն այս բանաձևի առաջ քաշումը դիտարկում է որպես Մոսկվային զայրացնելու փորձ:

Հիշեցնենք, որ հետաքննողների խումբը, հայտնի որպես Միասնական հետաքննող մեխանիզմ, հինգշաբթի օրը պետք է հրապարակի բաց զեկույց, որտեղ կարող է բացահայտել, ապրիլի 4-ի ընդդիմադիր զինյալների վերահսկողության տակ գտնվող Խան Շեյխուն քաղաքի բնակչության դեմ քիմիական զենքի կիրառման պատասխանատու կողմի անունը: Քիմիական հարձակման արդյունքում գրանցվել էին բազմաթիվ զոհեր:

Այս դեպքերից երեք օր անց Միացյալ Նահանգները օդային հարվածներ իրականացրեց սիրիական այն ռազմակայանի դեմ, որը, ըստ Վաշինգտոնի, Ասադի ուժերը օգտագործել էին քիմիական զենքի կիրառման համար:

Ռուսաստանի դաշնակից Բաշար ալ Ասադի իշխանություններն իրենց հերթին հերքել են պաշտոնական Դամասկոսի առնչությունն ապրիլի 4-ի քիմիական զենքի կիրառման դեպքերին: