Search
Close this search box.

Եվրախորհրդարանը բանաձեւ է ընդունել ընդդեմ ռասիզմի եւ ոստիկանական բռնության

Ամբողջ աշխարհում «Սեւամորթների կյանքը նշանակություն ունի» («Black Lives Matter») կարգախոսով ընթացող ցույցերի լույսի ներքո Եվրախորհրդարանն իր համերաշխությունն է հայտնել ռասիզմի եւ ոստիկանական բռնության դեմ բողոքող ցուցարարներին, հայտնում է DW-ն:

Ուրբաթ՝ հունիսի 19-ին, Եվրախորհրդարանը բանաձեւ է ընդունել, որում իր հավանությունն է հայտնել ռասիզմի եւ ոստիկանական բռնության դեմ խաղաղ զանգվածային ցույցերին, որոնք մի շարք երկրներում ընթանում են աֆրոամերկացի Ջորջ Ֆլոյդի ողբերգական մահից հետո, որը տեղի էր ունեցել ոստիկանների կողմից նրան ձերբակալելիս հնարքների կիրառման հետեւանքով:

Ընդ որում՝ եվրապատգամավորները Եվրահանձնաժողովից պահանջել են ավելի ակտիվ պայքարել «կառուցվածքային ռասիզմի» դեմ եւ արգելել, այսպես կոչված, «ռասայական պրոֆիլավորման» մեթոդը, որն օգտագործվում է քրեական հետաքննությունների եւ ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում ու նկատի ունի, որ մաշկի որոշակի գույնով եւ արտաքինի այլ առանձնահատկություններով մարդկանց առանց պատճառի ոստիկանական ստուգումների ենթարկեն:

Եվրախորհրդարանը միաժամանակ դատապարտել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Ազգային գվարդիայի ներգրավումը անկարգությունների ճնշմանը, որոնք առաջացել էին երկրում հակառասիստական ցույցերի ժամանակ:

Դրանից բացի, բանաձեւում նշված է, որ ստրկավաճառությունը «մարդկության դեմ հանցագործություն» է: ԵՄ անդամ երկրները եւ եվրոպական ինստիտուտները պետք է «պաշտոնապես ընդունեն սեւամորթների եւ մաշկի այլ գույնով մարդկանց հանդեպ պատմական անարդարությունը, որը մարդկության դեմ հանցագործություն էր», շեշտել են Եվրախորհրդարանում:

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենն ավելի վաղ խոստացել էր լրացուցիչ միջոցներ ընդունել ընդդեմ Եվրոպայում ռասիզմի եւ խտրականության: Լյայենի խոսքով՝ այս թեմայով բանավեճերը Բրյուսելում պետք է սկսվեն արդեն հունիսի վերջին: