Search
Close this search box.

«Փաստ». Լիսկայի երբեմնի թշնամին նրա «փաստաբանի» դերն է ստանձնել

«Փաստ» օրաթերթը գրում է. «90–ականներին Գորիսի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրած Սամվել Հարությունյանը որոշել է նոյեմբերին Սյունիքում կայանալիք ՏԻՄ ընտրություններում առաջադրել իր թեկնածությունը: Սամվել Հարությունյանի անունը լրատվամիջոցներում ակտիվորեն սկսեց շրջանառվել 2013 թվականից սկսած: Նա հաճախ հանդես էր գալիս ասուլիսներով՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին եւ նրա ընտանիքի անդամներին մեղադրելով ծանր հանցագործությունների, թմրամոլության եւ կաշառակերության մեջ: Սուրիկ Խաչատրյանն անգամ դատի էր տվել Հարությունյանին՝ մեղադրելով իր անձի վերաբերյալ կեղծ տեղեկություններ տարածելու մեջ:

Դատական պրոցեսի ընթացքում իր ասուլիսներից մեկում Հարությունյանը դիմել էր երկրի բարձրագույն իշխանությանը «Սյունիքը Լիսկաթափելու» խնդրանքով: Նա հայտարարում էր, թե «Սուրիկ Խաչատրյանի գերդաստանի արական սեռի գրեթե բոլոր անդամները թմրամոլներ են, Սյունիքում թմրանյութերի գլխավոր տարածողներն են» եւ ներկայացնում դրվագներ նախկին մարզպետի եւ նրա որդիների, իր իսկ բնորոշմամբ, հանցագործություններից:

Սակայն 2015 թվականին Սամվել Հարությունյանը անակնկալ կերպով դադարեց խոսել Սյունիքի նախկին մարզպետի մասին: 2017 թվականի սկզբին «Փաստ» օրաթերթի հետ զրույցում Հարությունյանը խոստովանեց, որ 25 տարուց ավելի տեւած թշնամանքից հետո հանդիպել է Սուրիկ Խաչատրյանին: «Պայմանավորվել ենք, որ մեր հետագա կյանքում միայն փորձենք դրականի եւ լավ գործերի առումով օրինակ ծառայել մարդկանց»,–ասել էր Հարությունյանը:

Թե ինչպես էր Հարությունյանի կողմից «հանցագործ» որակվող Սուրիկ Խաչատրյանը օրինակ ծառայելու մարդկանց, այդպես էլ հանելուկ մնաց: Բայց Հարությունյան–Խաչատրյան «հաշտությունը» վերջին շրջանում բավականին ուշագրավ դրսեւորումներ է ստացել:

Այսպես. երեկ՝ հոկտեմբերի 25–ին, Սամվել Հարությունյանը հանդես եկավ նախընտրական ասուլիսով եւ չհերքեց, որ 1,5 տարի առաջ ինքը Սուրիկ Խաչատրյանի առաջարկով է Երեւանից Գորիս տեղափոխվել: Սամվել Հարությունյանը հայտարարեց, որ Սուրիկ Խաչատրյանը հաշտվելուց հետո իրեն պետական պաշտոններ է առաջարկել, եւ ինքը նախընտրել է ղեկավարել Բակունցի անվան գիտամշակութային կենտրոնը, որն ի դեպ ֆինանսավորվում է նախկին թշնամու կողմից:

Երեկվա ասուլիսն աչքի ընկավ մեկ այլ ուշագրավ դրվագով. Սամվել Հարությունյանը սկսեց մեղադրանքներ հնչեցնել Սյունիքի գործող մարզպետ Վահե Հակոբյանի հասցեին եւ ստանձնեց իր կողմից ոչ վաղ անցյալում «հանցագործ» որակվող Սուրիկ Խաչատրյանի «փաստաբանի» դերը՝ ներկայացնելով նրա օրոք` մարզում կատարված բարեփոխումները խոսելով նախկին մարզպետի դրական հատկանիշների մասին: Տեսարանն, իրոք, հուզիչ էր»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: