Search
Close this search box.

«Ժողովուրդ». Արտաշես Գեղամյանն օրենքից վեր է. իրավապահ համակարգը աչք փակեց ՀՀԿ-ականի օրինազանցության վրա

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իրավապահները չեն ցանկանում ընթացք տալ հոկտեմբերի 5-ին ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպին. խոսքը Նիկոլ Փաշինյան-Արտաշես Գեղամյան ծեծկռտուքի մասին էր: Դատելով ականատեսների պատմածից՝ Փաշինյանի վրա Գեղամյանի հարձակումը լիովին տեղավորվում էր ՀՀ քրեական օրենսգրքի շրջանակներում: Մինչդեռ իրավապահ համակարգը փորձում է աչք փակել կատարվածի վրա:

Եւ այսպես՝ «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին գրավոր հարցում էր ուղարկել՝ փորձելով տեղեկանալ՝ թեեւ չկա մասնավոր գանգատ, այնուամենայնիվ, ի՞նչ է արել կամ ի՞նչ է պատրաստվում անել ՀՀ գլխավոր դատախազությունը միջադեպի մասին հրապարակված հայտարարությունների հիման վրա: Ի պատասխան «Ժողովուրդ» օրաթերթի՝  ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնել են, որ կատարվածը կրում է մասնավոր հետապնդման գործի բնույթ, ուստի քրեական գործ պետք է հարուցվի միայն տուժողի բողոքի հիման վրա:

«ՀՀ գլխավոր դատախազությունում մինչ օրս Ձեր մատնանշած ենթադրյալ միջադեպի մասնակիցներից քրեական հետապնդում իրականացնելու վերաբերյալ բողոք կամ հաղորդում չի ստացվել, ուստի դրա կապակցությամբ քրեադատավարական վարույթ չի սկսվել»,-տեղեկացրել են: Մինչդեռ փաստաբան Հայկ Ալումյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պնդեց, որ իրավապահները պարտավոր էին գործին ընթացք տալ, այն էլ անհապաղ՝ առնվազն խուլիգանության հատկանիշներով:

Սակայն ՀՀ դատախազությունը ոչինչ չի արել, քանի որ հարձակման հեղինակն իշխող խմբակցությունից է, հետեւաբար՝ «անձեռնմխելի»»:

Մանրամասը` թերթի այսօրվա համարում: