Search
Close this search box.

Ի՞նչ սկզբունքով է Հայաստանում կորոնավիրուսի թեստավորում իրականացվում․ ԱՆ խոսնակը մեկնաբանում է

Այսօր կառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով կորոնավիրուսի հետ կապված իրավիճակին, նշեց․ «Երկրում կան կորոնավիրուսով վարակված հազարավոր անձինք, որոնք նույնիսկ չգիտեն, որ վարակակիր են։ Մեր ասիմպտոմ դեպքերի 90%-ը ինչպե՞ս է բացահայտվում։ Երբ ծանր ախտանիշներով որևէ պացիենտ ընդունվում է բուժհաստատություն, իրականացվում է համաճարակաբանական հետաքննություն և փորձում են պարզել նրա շփման շրջանակը։

Եվ նրա շփման շրջանակից թեստավորում են մարդկանց, ովքեր չունեն ոչ մի սիմպտոմ»։ Վարչապետի այս խոսքերը հակասում էին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի՝ օրերս արված հայտարարությանը․ «Թեստը պանացեա (համադարման) չի։ Թեստը պետք է արվի ըստ ցուցումի»,- ասել էր առողջապահության նախարարը՝ նկատի ունենալով թեստավորման համար անհրաժեշտ բժշկական ցուցումը, որը քաղաքացուն տրվում է կորոնավիրուսի ակտիվ ախտանիշներ ունենալու դեպքում։

Հասկանալու համար, թե, ի վերջո, որն է Հայաստանում կորոնավիրուսի թեստավորում անելու սկզբունքը, կապ հաստատեցինք Առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանի հետ։ Վերջինս մեզ փոխանցեց, որ վարակակրի հետ ուղիղ շփում ունեցած մարդուն չեն թեստավորում, եթե նրա մոտ ակտիվ սիմպտոմներ չկան։

«Նրանք պետք է հետևեն ընթացքին և կապի մեջ լինեն պոլիկլինիկայի իրենց բժշկի հետ։ Եթե զարգանան սիմպտոմներ, բժիշկը պիտի ուղեգրի թեստավորման»,- ասաց ԱՆ խոսնակը։

Մեր հարցին, թե այդ դեպքում ինչու է վարչապետը հայտարարում, որ ախտանիշներ չունեցող, բայց կորոնավիրուսով վարակված անձի հետ շփում ունեցած քաղաքացիները թեստավորվում են, ԱՆ խոսնակն արձագանքեց․ «Այդ փորձը մինչև մի քանի օր առաջվա է, երբ դեռ տնային բուժում չկար։ Վարչապետը խոսել է ընդհանրապես մինչև այս պահը եղած դեպքերի մասին»։

Հավելենք, որ այսօրվա դրությամբ Հայաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 7774 դեպք։ Մինչ օրս գրանցված մահվան դեպքերը 98-ն են։