Search
Close this search box.

Արցախի պաշտպանության նախարարը չի բացառում, որ սահմանում հնարավոր է աստիճանաբար լարվածության աճ

Արցախի Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանի տեղակացմամբ՝ նախորդ մեկ շաբաթվա համեմատ՝ այժմ սահմանում որոշակի լարվածություն կա:

Հիշեցնենք, որ ադրբեջանական զինված ուժերի կողմից հոկտեմբերի 22-ին և 23-ին կիրառվեցին «ՍՊԱՅԿ» տիպի հեռակառավարվող հակատանկային հրթիռներ, իսկ հոկտեմբերի 19-ին էլ ադրբեջանական դիպուկահարի կողմից հայ զինծառայող զոհվեց.«Մենք միշտ հայտարարել ենք, որ իրենց ամեն մի դիպուկահարի մենք պատասխանելու ենք, եւ պատասխան եղել է: Կարծում եմ՝ դա հենց կապված է դիպուկահարների պատերազմի արդյունքում առաջացած լարվածության հետ: Ադրբեջանը նաեւ երկու անգամ «ՍՊԱՅԿ» տիպի հեռակառավարվող հրթիռներ է կիրառել, երկու անգամ էլ հարվածներն անարդյունք են եղել»,- նշեց Լեւոն Մնացականյանը՝  հնարավոր համարելով, որ աստիճանաբար լարվածության աճ լինի:

Ըստ նախարարի՝ եթե հետագայում հակառակորդի կողմից նման հարվածներ լինեն, կլինի նաև պատասխան. «Կարծում ենք, որ «ՍՊԱՅԿ»-ին պատասխանելու անհրաժեշտություն չկա: Առաջիկա օրերին մենք հանդիպելու ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացուցիչների հետ եւ քննարկելու ենք ստեղծված իրավիճակը»,- նշեց Լ. Մնացականյանը:

Ինչ վերաբերում է վերջին շրջանում՝ ոչ հակառակորդի գործողությունների հետևանքով, երկու զինծառայողի զոհվելուն, ապա նախարարը տեղեկացրեց, որ ըստ նախնական տեղեկությունների՝ պատճառը միջանձնային հարաբերություններն են: Լ. Մնացականյանը նաև հիշեցրեց, որ նշանակվել է ծառայողական քննություն, հարուցվել՝ քրեական գործ և երկու գործով էլ կան ձերբակալվածներ: