Search
Close this search box.

Ձեր ղեկավարած նախարարությունում պայքարո՞ւմ եք կոռուպցիայի դեմ. Անահիտ Բախշյանը՝ ֆինանսների նախարարին

Հրապարակ թերթի սեպտեմբերի 29-ի հոդվածում  (http://www.hraparak.am/?p=157083&l=am/mrcuytum+haxtel+e+metropoliteni+ashxatakci+dster+spy-n+) Կարեն Դեմիրճյանի անվան Մետրոպոլիտենի մասին նշված փաստերը շատ մտահոգիչ են՝  մրցույթին մասնակից փոխկապակցված անձանց  առկայության տեսակետից:

Հոդվածում գրված է. «ՀՀ ֆինանսների նախարարության Պետական գնումների պաշտոնական ինտերնետային կայքում մեր ուշադրությունը գրավեց վերջերս հայտարարված մի մրցույթ՝ «Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի կողմից: Մրցույթում, որը հայտարարվել է այս տարվա օգոստոսին՝ «շարժասանդուղքների բազրեփոկերի լռմանը հետեւող համակարգի արդիականացման» ծառայությունների մատուցման նպատակով, հաղթել է «Ֆոլկ տուր» ՍՊԸ-ն Նյութի աղբյուրը ` hraparak.am»:

Հասարակությանը շատ մտահոգել է այս թեման, թե ինչպե՞ս է տուրիստական «Ֆոլկ տուր» ՍՊԸ-ն  շահել մի մրցույթ, որի իրականացման որակով է պայմանավորվում մետրոպոլիտենով  տեղափոխվող հազարավոր մարդկանց կյանքի անվտանգությունը: Մետրոպոլիտենի անվտանգության գործունեությունը պարտավոր եք երաշխավորել  և բացառել որևէ շեղում՝ մետրոպոլիտենի շարժասանդուղքների  տեխնիկական անվտանգության տեսակետից:

Ակնհայտ է, որ մետրոպոլիտենում շուրջ 35 տարի աշխատող Սամվել Մնացականյանը, որպես  տուրիստական «Ֆոլկ տուր» ՍՊԸ-ի ճարտարագետ և ՍՊԸ-ի հիմնադիր Լիլիթ Սամվելի Մնացականյանի  հայր, տիրապետել է  մրցույթի գնի  մասին տեղեկատվությանն ու առաջարկել հենց այդ գինը և լինելով մրցույթի միակ մասնակիցը, շահել է այն:

Պարոն Նախարար, որքանո՞վ է օրինական այս մրցույթը: Այն փաստը, որ այդ մրցույթը ակնհայտորեն հարմարեցվել է հե՛նց այդ ՍՊԸ-ին ու հե՛նց Սամվել Մնացականյանին, փաստում է կոռուպցիոն շղթայի մասին, որտեղ քիչ դեր չունի մետրոպոլիտենի  նախկին տնօրեն, այժմ Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Դավիթ Գրիգորյանը:

Կարծում եմ Դուք, որպես նախարար, հասարակությանը  պետք է պարզաբանեք կոռուպցիայի մասին վկայող վերոնշյալ փաստի մասին  ու այն մասին, թե  Ձեր ղեկավարած նախարարությունում ինչպե՞ս եք պայքարում կոռուպցիայի դեմ:

Անահիտ Բախշյան Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ