Search
Close this search box.

Արցախում ժամկետային զինծառայողը սպանության զոհ է դարձել. կա ձերբակալված

Արցախում հոկտեմբերի 20-ին, նախնական տվյալների համաձայն, զենքի օգտագործման կանոնների խախտման հետեւանքով մահացու հրազենային վիրավորում ստացած 19-ամյա Արամ Խաչատրյանի գործով կա ձերբակալված:

ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայության տեղեկացմամբ՝ երրորդ կայազորային քննչական բաժնում ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել են պարտադիր ժամկետային զինծառայող, 1998թ. ծնված Արամ Սիրեկանի Խաչատրյանի մահվան՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ։

Զինծառայողը հրազենային վնասվածքն ստացել է 20.10.2017թ.՝ ժամը 12:40-ի սահմանում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, աջ ուսագոտու շրջանում։  Զինհոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին զինծառայողն ստացած հրազենային վնասվածքից մահացել է:

Մահացու հրազենային վնասվածք ստանալու դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Արամ Խաչատրյանն սպանության զոհ է դարձել, պարզվել է առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։

Սպանության կասկածանքով ձերբակալվել է նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտը։

Նախաքննությունը շարունակվում է: