Search
Close this search box.

Յո՞ երթաս, Հայաստանի կրթություն կամ կարճ ասած՝ ամենուրեք անտերություն է

Շատ կարևոր մի փաստի մասին: 2012-ին հիմնական դպրոցը համարյա հարյուր տոկոսով ավարտած շրջանավարտների երեսուն տոկոսը չորս ամիս հետո՝ հոկտեմբերին հայերենից ու մաթեմատիկայից կտրվել են Գնահատման կենտրոնի կողմից 10-րդ դասարանում անցկացրած արտաքին գնահատման արդյունքում:
Սա ասում է այն մասին, որ դա այն իրականությունն է, որի հետ հաշտվել են ծնողները, որովհետև իրենք էլ գիտեն, որ իրենց երեխաները չեն սովորում ու ուրախ են, որ դպրոցի տնօրենները կեղծ թվանշաններով ավարտացնում են իրենց երեխաներին: Այսինքն հարմարվում են և այդ կեղծիքը իրենց էլ է ձեռք տալիս, գործում է լուռ համաձայնության վտանգավոր սկզբունքը: Բայց հարց չեն բարձրացնում, թե ինչո՞ւ իմ երեխան չի ուզում սովորել, ինչո՞ւ զզվանքով է գալիս դպրոց, ինչո՞ւ որոշ ուսուցիչների դասերին հաճույքով են գալիս, իսկ որոշների դասին՝ պարզապես չեն ուզում ներկայանալ: Ահա այստեղ է, որ ծնողները չպետք է հանդուրժեն այն ուսուցիչներին, ում «շնորհիվ» երեխան չի սիրում սովորել: Համայնքի համար բաց դպրոց նշանակում է դպրոց, որտեղ ծնող-դպրոց փոխադարձ կապից շահում է կրթությունը, որտեղ գնահատվում է յուրաքանչյուր երեխայի կրթական կարիքն ու կրթությունը կազմակերպվում է այդ կարիքին համապատասխան և երեխան ամեն օր ոգևորվում է իր սովորածով ու հայտնագործածով: Սա է այն ամենազոր զգացումը, որն անհրաժեշտ է երեխային, նաև ցանկացած մարդու, որպեսզի ինքն անընդհատ ուզենա սովորել:
Այս հարցը չի վերլուծվում նաև ԿԳ նախարարության, մարզպետարանների, Երևան քաղաքի կրթության վարչություններում, որպես կրթության պետական քաղաքականությունը վերահսկող լիազորված մարմինների կողմից, խրախուսվում է անգրագիտությունը:
Կարճ ասած՝ ԱՄԵՆՈՒՐԵՔ ԱՆՏԵՐՈՒԹՅՈՒՆ Է , ո՛չ ծնողն է պահանջատեր, ո՛չ պետական մարմինը:

Անահիտ Բախշյան