Search
Close this search box.

Քննիչները կալանավորին և նրա կնոջը տեսաձայնագրել են գիշերը երկարատև տեսակցության սենյակում

Այն, որ հնարավոր է «ներքին դիտում» օպերատիվ հետախուզական միջոցառում իրականացնել կալանավորների համար նախատեսված երկարատև տեսակցության սենյակում, զարմացրել է ոչ միայն կալանավորներին, այլև ամբողջ իրավական համակարգին:

Մեղադրյալի և նրա կնոջ մասնակցությամբ «18+ սյուժեն», նկարահանվել և որպես ապացույց դրվել է մեղադրական եզրակացության հիմքում, կալանավորի գիշերվան «երրորդ անձի» ներկա գտնվելու թույլտվությունն էլ եղել է դատարանի կողմից: Փաստը հայտնի դարձավ, երբ քրեական գործերից մեկով նախաքննությունն ավարտվեց և գործի նյութերին ծանոթանալիս փաստաբան Արայիկ Պապիկյանը բացահայտեց, որ դատախազությունը ապացույց է ճանաչել իր պաշտպանյալի և նրա ամուսնու անձնական երկարատև հանդիպման տեսաձայնագրությունը: «Այն, մեղմ ասած, անձնական կյանքի միջամտության կոպիտ խախտում է:

Ներքին դիտում օպերատիվ հետախուզական միջոցառում է իրականացվել իմ պաշտպանյալի և նրա ամուսնու երկարատև տեսակցության ժամանակ, ով նույնպես գործով մեղադրյալ է: Այդ կոպիտ խախտումներին կանդրադառնանք դատարանում»,-Gpnews.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Արայիկ Պապիկյանը:

Փաստաբանը կարծում է, որ գաղտնալսման իրավունք ստանալու առումով նախաքննական մարմնի կողմից դատարանին ոչ հավաստի տեղեկություններ են ներկայացվել. «Ենթադրվում է, որ դատարանին նաև ոչ հավաստի տեղեկություններ են ներկայացվել գաղտնալսման իրավունք ստանալու առումով, մասնավորապես՝ դատարանը միջնորդությունը քննել է նոյեմբերի 6-ին այն դեպքում, երբ այդ ժամանակ պաշտպանյալիս տեսակցությունները և կապը արտաքին աշխարհի հետ սահմանափակված է եղել՝ բացառությամբ իր անչափահաս երեխաների: Եվ այդ պահի դրությամբ պաշտպանյալս երկարատև տեսակցության իրավունք չի ունեցել: Դատարանի կողմից արտոնումը եղել է երկու ամիս ժամկետով:

Դատարանը սանկցիան տվել է նոյեմբերի 6-ին գաղտնալսումն իրականացվել է դեկտեմբերի 16-18-ն ընկած ժամանակահատվածում»: Եվ սա դեռ ամենը չէ: Գործի նյութերը ստանալուն պես Արայիկ Պապիկյանը պարզել է, որ ինքը ևս գաղտնալսվել է։ «Ութ անգամ միայն ես եմ գաղտնալսվել: Զավեշտալին այն է, որ գործով պաշտպանի գաղտնալսումները զննվել են, արձանագրվել և կցվել քրեական գործին՝ որպես այլ ապացույց-փաստաթղթեր և ուղարկվել դատարան՝ մեղադրական նյութերի հետ: Ոչ թե իմ հեռախոսն են գաղտնալսել, այլ այս գործով անցնող վկայի, որի հետ զրուցել եմ»,-ասաց Արայիկ Պապիկյանը:

Փաստաբանը կասկածներ ունի, որ տեսաձայնագրել են նաև իր և պաշտպանյալի հանդիպումը կալանավայրում: «Հետաքրքիրն այն է, որ այն սենյակում, որտեղ ներքին դիտում է իրականացվել, դրա կողքի սենյակում ես հանդիպում եմ ունեցել իմ պաշտպանյալի հետ և ես ողջամտորեն ենթադրում եմ, որ գաղտնալսել են նաև իմ հետ խոսակցությունը»: Փաստաբանի հետ զրույցը չէր կարելի ձայնագրել և ներկայացնել, որպես ապացույց, քանի որ դրանով խախտվում է փաստաբանական գաղտնիքի մասին օրենսդրական բոլոր հիմքերը: Մասնավորապես դա հակասում է «Փաստաբանության մասին» օրենքի 25-րդ հոդվածին, որի համաձայն. «Փաստաբանական գաղտնիք են համարվում այն տեղեկությունները եւ ապացույցները, որոնք իրավաբանական օգնություն հայցող անձը փոխանցել է փաստաբանին, փաստաբանի տված խորհրդատվության բովանդակությունն ու բնույթը, ինչպես նաեւ այն տեղեկությունները եւ ապացույցները (նյութերը, կրիչները), որոնք փաստաբանը փաստաբանական գործունեության իրականացման ընթացքում ձեռք է բերել ինքնուրույն»:

Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին օրենքով արգելվում է հեռախոսային խոսակցությունների վերահսկումը, երբ անձը, որի նկատմամբ իրականացվելու է այդ միջոցառումը, հաղորդակցվում է իր փաստաբանի հետ: Նման նյութերը օրենքի համաձայն ենթակա են ոչնչացման։ Նշենք, որ ՁՊՎ-ում ներքին դիտման սանկցիան տվել է դատավոր Մ․ Մարտիրոսյանը: Հեռախոսային խոսակցություների գաղտնալսման սանկցիան տվել է դատավոր Ռ․ Պապոյանը:

Երկարատև ներքին դիտման սանկցիան տվել է դատավոր Ա․Մկրտչյանը։ Գործով դատախազը Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազ Մ․ Արզումանյանն է։ Այն, որ դատարանի որոշմամբ կարող է ներքին դիտում իրականացվել երկարատև տեսակցության սենյակում, զարմացրել է նաև փաստաբան Ռոբերտ Ռևազյանին: «Անգամ, եթե դատարանի որոշում կա, դա վիճելի խնդիր է, այստեղ բախվում են տարբեր իրավունքներ՝ թե՛ անձնական կյանքի և թե՛ արդար դատաքննության հարց է առաջ գալիս: Իմ կարծիքով, դա անթույլատրելի է, շատ են մտել մարդկանց անձնական կյանքի մեջ: Հարցը կարելի է ՄիԵԴ էլ ուղարկել հասկանալու համար «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու ի՞նչ սահմանափակումներ կան:

Նույնն է անձի նկատմամբ ներքին դիտում իրականացնեն ննջարանում կամ լոգարանում, դա անթույլատրելի է»,-ասաց Ռոբերտ Ռևազյանը: Նշենք, որ Արայիկ Պապիկյանի պաշտպանյալ Նարե Ներսիսյանը և վերջինիս ամուսինը՝ Սարգիս Ֆարմանյանը, մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ և 266-րդ հոդվածներով (սպանություն և թմրամիջոցների ապօրինի շրջանառություն), այն բանի համար, որ նրանք թմրամիջոց իրացնելու եղանակով, ապօրինաբար, պատվեր կատարելու դիտավորությամբ Էդգար Գյուլազյանին զրկել են կյանքից: Վերջիններս իրենց մեղավոր չեն ճանաչել: