Search
Close this search box.

«Ժողովուրդ». Հերթական օպտիմալացման արդյունքը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ կառավարության հերթական որոշման արդյունքում առաջիկայում ավելի քան 11 մարդ գործազուրկ կդառնա: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ առողջապահության նախարարությունը նախատեսել է «Ն.Բ.Հակոբյանի անվան ընդհանուր հիգիենայի եւ մասնագիտական հիվանդությունների գիտահետազոտական ինստիտուտ»-ը միացնել «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ին:

Հիմնավորումն այն է, որ վերջին տարիներին ընկերությունը անարդյունավետ է գործել, որը պայմանավորված է կադրերի տարիքային բարձր ցենզով, շենքային անհարմարավետ պայմաններով:

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ընկերության 2016 թվականի եկամուտը կազմել է 13.5 մլն դրամ, իսկ ծախսերը` 12 մլն 188 հազար դրամ: Այս տարվա եկամուտները կազմել են 13 մլն 270 հազար դրամ, իսկ ծախսերը` 13 մլն 250 հազար դրամ:

ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական Արտեմիս Տեր-Սարգսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ միացման արդյունքում նախատեսվում է ազգային ինստիտուտ տեղափոխել 4-6 աշխատողի: Նրա խոսքով, կկրճատվեն հիմնականում տեխնիկական եւ վարչական կազմերի աշխատողները: Միայն թե, նկատենք՝ պետական կառավարմանը բիզնեսմենի հոգեբանությամբ մոտեցող Կարեն Կարապետյանի համար այլեւս գործելաոճ է դարձել մեծ շահույթ չբերող հիմնարկություններն օպտիմալացնելը կամ լուծարելը՝ իբր այդպես մեծ գումարներ տնտեսելու նպատակով»:
Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: