Search
Close this search box.

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները կրկին այցելել են հացադուլ հայտարարած Ներսես Պողոսյանին

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները այսօր կրկին այցելել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ և հանդիպել Ներսես Պողոսյանին։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի տեղեկացմամբ՝ այցի ընթացքում արձանագրվել է, որ Ն. Պողոսյանը պահվում է նույն խցում, որտեղ պահվում էր մինչև հացադուլ հայտարարելը:

Առանձնազրույցի ընթացքում Ն. Պողոսյանը նշել է նաև, որ հարևան խուց է տեղափոխվել դատապարտյալ, ով անընդմեջ բարձրաձայն հայհոյանքներ է հնչեցնում խցերում պահվող բոլոր անձանց հասցեին:

Խնդիրն անմիջապես քննարկվել է քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ, ինչի արդյունքում նշված դատապարտյալը տեղափոխվել է այլ խուց:

Ն. Պողոսյանը կրկին նշել է առողջական խնդիրների մասին՝ գլխացավեր, ճնշման տատանումներ, ոտքերի այտուցվածություն, ինչպես նաև ցավեր ստամոքսի և երիկամների շրջանում:

Պաշտպանի ներկայացուցիչներն ուսումնասիրել են նաև Ն. Պողոսյանի վերաբերյալ բժշկական փաստաթղթերն ու նրա պահման պայմանները:

Ներսես Պողոսյանը շարունակում է հրաժարվել բուժօգնությունից:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը մշտական կապի մեջ է փաստաբան Ա. Պապիկյանի հետ: