Search
Close this search box.

Նախարար Աշոտ Մանուկյանն առաջիկայում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման նախապայմաններ չի տեսնում

Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանն առաջիկայում էլեկտրական էներգիայի սակագնի բարձրացման նախապայմաններ չի տեսնում: Նախարարը հիշեցրեց, որ Հայաստանում սակագների կարգավորումն իրականացնում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ևմիայն նա կարող է տալ սակագների փոփոխության մասին հարցերի սպառիչ պատասխան. «Բայց ես ձեզ իմ տեսակետը կասեմ: Ես առաջիկայում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման համար նախապայմաններ չեմ տեսնում»,-  նշեց Մանուկյանը:

Աշոտ Մանուկյանն անդրադարձավ նաև էլեկտրական էներգիայի սակագնի նվազման հնարավորություններին. «Մենք էլեկտրաէներգիայի մեծածախ վաճառքը ցանցերին իրականացնում ենք մեր արտադրողների կողմից: Մեզ մոտ ամենաթանկ էլեկտրաէներգիան տալիս է «Հրազդան» ՋԷԿ-ը, ամենաէժանը` Հայաստանի ատոմակայանը: Մենք անցած տարի սկսել ենք ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի արդիականացման և շահագործման ժամկետի երկարացման ծրագիրը, որը ենթադրում է 2018 թ. ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի կանգառ` 6 ամիս ժամկետով և 2019 թ.` 6 ամիս 15 օր ժամկետով: Իսկ սա նշանակում է, որ 2018 և 2019 թվականներին մենք սակագների վրա հսկայական ճնշում կունենանք: Ատոմակայանը, որը սովորաբար տարվա ընթացքում կանգնում է 40-45 օր, առաջիկա երկու տարիներին կանգնելու է վեց ամիս ժամկետով: Սա այն անհրաժեշտ ժամանակահատվածն է, որպեսզի մենք կարողանանք փոխել կարևոր հանգույցները, արդիականացնել բլոկը և իրականացնել հետագա շահագործումը»,- պարզաբանեց նախարարը: Նա շեշտեց, որ առաջիկա երկու տարիներին, ունենալով այդ ճնշումը էլեկտրաէներգիայի սակագնի վրա, ուղղակի հնարավորություն չկա խոսել սակագնի նվազման մասին: