Search
Close this search box.

Ազատագրված Ռաքքայի ապագան անորոշ է

Ռաքքայի ազատագրումից հետո քաղաքի ապագան անորոշ է: Այն լիովին ավերված է ռազմական գործողությունների արդյունքում: Դեռևս պարզ չէ, թե քանի բնակիչ կվերադառնա քաղաք և ինչպիսի վարչական կառավարման համակարգ կձևավորվի ապագայում:

Քաղաքն ազատագրած մեծ մասամբ քրդերից բաղկացած Սիրիայի ժողովրդավարական ուժերն ԱՄՆ-ի աջակցությամբ այստեղ են ստեղծել քաղաքը կառավարող քաղաքացիական խորհուրդ՝ բաղկացած քրդերից ու արաբներից Սակայն գործող ձևաչափը սպառնում է նոր լարվածություն առաջացնել քաղաքի շուրջ, քանի որ Ռաքքան ավանդաբար եղել է արաբական քաղաք:

«Սա պատմական օր է բոլորիս համար: Հարյուրավոր մարդկանց ազատություն է շնորհվել: Նրանց ազատագրել են Սիրիայի ժողովրդավարական ուժերի զորամիավորումները: Նրանք այժմ երջանիկ են և ուրախ, հատկապես՝ երեխաները: Սա ուրախություն է նրանց համար»,- առանց ներկայանալու, ասում է Սիրիայի ժողովրդավարական ուժերի զինվորականներից մեկը։

Ռաքքայի ազատագրումից հետո օրհասական խնդիրներից է քաղաքի վերականգնումը և վերադարձը խաղաղ կյանքին: Հարցականի տակ է քաղաքի վերականգման համար անհրաժեշտ ժամանակն ու ֆինանսավորման աղբյուրը:

Նախագահ Ասադի հակառակորդները հարցականի տակ են դնում կառավարության կողմից Ռաքքայի վերականգնումը և մտահոգություն հայտնում օտար տերությունների կողմից ապառազմականացված գոտու ստեղծման փաստի կապակցությամբ, քանի որ հակամարտության վերջնական կարգավորման բացակայության պարագայում այն երաշխիք չէ հետագա բռնությունների ու հակամարտության վերսկսումից խուսափելու համար:

Սիրիայի կառավարական զորքերը, որոնք վայելում են Ռուսաստանի աջակցությունը, գտնվում են քաղաքից ոչ հեռու դեպի հարավ ընկած հատվածում: Դեռևս պարզ չէ, թե արդյոք Դամասկոսը մտադրվում է վերականգնել վերահսկողությունը քաղաքի վրա և բախվել քրդական զորամիավորումների հետ: Նախկինում Սիրիայի նախագահ Ասադն ընդգծել էր Ռաքքայի խորհրդանշանական նշանակությունը և նշել, որ այն անպայման կվերադարձվի:

Իր հերթին միջազգային մարդասիրական կառույցներն ահազանգում են, որ քաղաքում առկա է մարդասիրական ճգնաժամ սննդամթերքի, ջրի և դեղորայքի պակասության պատճառով: Ըստ միջազգային կազմակերպությունների՝ քաղաքը լքել է մոտ 270 հազար բնակիչ: