Search
Close this search box.

«Պայմանավորվել ենք՝ զոհեր չունենանք». 3 օր անց Ալիեւի արյունոտ պատասխանը Սերժ Սարգսյանին

«Մի քանի րոպե առաջ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումն ավարտվեց. որևէ կոնկրետ պայմանավորվածություն, այսպես ասած, չունենք, խնդրի լուծման տարբերակների մասին: Բայց պայմանավորվել ենք, որպեսզի միջոցներ ձեռնարկենք լարվածությունն էլ ավելի թուլացնելու, որպեսզի առաջնագծում չունենանք զոհեր: Պետք է ասեմ` և՛ Ադրբեջանի նախագահը, և՛ ես դրանում խորապես շահագրգռված ենք: Տա Աստված, որ միշտ այդպես կարծի», Ժնեւում հոկտեմբերի 16-ին Ալիեւի հետ հանդիպումից հետո ասել էր Սերժ Սարգսյանը:

Չանցած երեք օր՝ Ալիեւը սահմանին սպանեց հայ զինծառայողի: Ըստ ՊԲ հաղորդագրության, հոկտեմբերի 19-ին, ժամը 15:50-ի սահմաններում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998 թ. ծնված Տիգրան Արմենի Խաչատրյանը:

«Պարզվում է»՝ Ալիեւն այնքան էլ շահագրգռված չէ զոհեր չունենալու մեջ: Այսինքն, դա նորություն չէ, դա Ալիեւի միակ մեթոդն է բոլոր դեպքերում: Նա նույնիսկ Ժնեւի հանդիպումից հետո փաստացի հայտարարել է, որ սպանելու են:Ժնեւից առաջ ու հետո մտահոգություններ էին հնչում, որ հանդիպման գնալով՝ Հայաստանի իշխանությունը Ադրբեջանին հնարավորություն է տալիս վերակենդանացնել իր ռազմական դիվանագիտությունը, որը փակուղում էր հայտնվել ապրիլյան պատերազմից ու այս տարվա փետրվարին դիվերսիայի փորձից հետո: Խնդիրն այն չէ, որ Ալիեւը չէր կրակում ու չէր կրակելու, խնդիրն այն է, որ նրա ամեն մի կրակոցն աշխատում էր նրա դեմ, եւ մտահոգության իմաստն այն է, որ նրա այդ իրավունքն այդ դեպքում «լեգիտիմանում» է: Ապրիլից հետո Ալիեւը նկատելի նվազեցրել էր լարվածությունը սահմանին, քանի որ հասկացել էր, որ ամեն մի կրակոց իրեն ավելի խորն է մղում փակուղի ու մեկուսացում, ինչն էլ տեղի էր ունենում այս ողջ ընթացքում:

Ադրբեջանին ոչ մի կերպ չի կարելի տալ «կրակելու լեգիտիմ իրավունք», այսինքն՝ գնալ բանակցությունների, քանի դեռ չեն ապահովվել այն պայմանները, որոնք առաջ են քաշել հայկական կողմն ու համանախագահները: Իսկ այդ պայմանները ենթադրում են հենց «կրակելու իրավունքի» բացառումը:Ադրբեջանի կատարած այս վերջին սպանությունը Ժնեւի հանդիպումից հետո կարող է շրջադարձային լինել, թեկուզ այն առումով, որ հայկական կողմում պատրանքներն ու «փաստարկները» լիովին վերանան: Բանակցեն թե չբանակցեն՝ Ադրբեջանը միեւնույն է կրակելու է, խնդիրն այն է, թե այդ կրակոցն ի վերջո ում դեմ է աշխատելու:

Lragir.am