Կառավարության այսօրվա՝ հոկտեմբերի 19-ի նիստում որոշում կայացվեց փոփոխություն կատարել 2017 թվականի բյուջեի պահուստային ֆոնդում՝ 80 միլիոն դրամ հատկացնել Հայաստանի երիտասարդական հիմնադրամին։
Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի խոսքով՝ գումարն անհրաժեշտ է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների անվճար համակարգում չընդգրկված, բայց բարձր առաջադիմություն և հասարակական ակտիվություն ունեցող առաջին կուրսի ուսանողների կրթաթոշակների տրամադրման և 2016 թվականի ապրիլի 2-ից 6-ը ընկած ժամանակահատվածում ՀՀ զինված ուժերում մարտական հերթապահություն իրականացրած կամ մարտական գործողություններին մասնակցած ուսանողների ուսման վարձերի մասնակի փոխհատուցման նպատակով։
Որ ապրիլյան պատերազմի մասնակիցներին, և առհասարակ ՀՀ զինված ուժերում ծառայություն անցած ուսանողներին պետք է հնարավորության սահմաններում աջակցել՝ այստեղ երկու կարծիք լինել չի կարող, բայց անհասկանալի է, թե ինչու գումարը փոխանցվում է ոչ թե Կրթության և գիտության նախարարության, այլ Հայաստանի երիտասրդական հիմնադրամի հաշվեկշռին:
Երբ ուսումնասիրում ես Հայաստանի երիտասարդական հիմնադրամի պաշտոնական էջը՝ ակամա կարծում ես, որ այն մինի կառավարություն է՝ իր կրթական, գիտական, առողջապահական, սոցիալ-տնտեսական, հոգևոր, հայրենասիրական, մշակութային, միջազգային, համահայկական ծրագրերով: Անգամ իր տարածքային կառավարման մարմիններն էլ ունի՝ բոլոր մարզերում: Մի խոսքով՝ մի հսկա ապարատ՝ իր աշխատակազմով ու աշխատավարձով:
Իսկ ինչ է անում այս ապարատը, սովորաբար նա միջնորդ է, որին բոլորը վճարում են: Երիտասարդական հիմնադրամը մի ձեռքով վերցնում է, դրամական միջոցներն անցկացնում իր պրիզմայով, մյուս ձեռքով իրականացնում տարբեր ծրագրեր, փոխհատուցում՝ ուսանողների վարձը: Իսկ ամենակարևորը՝ հիմնադրամում կոալիցիոն գործընկերություն չկա, բոլորը ՀՀԿ-ական են կամ նրա համակիրը:
Այսօր, երբ Կրթության և գիտության նախարարությունը ՀՅԴ-ի ձեռքն է, երիտասարդական հիմնադրամի՝ մայր կուսակցության առջև, կրթության ոլորտում ունեցած պատասխանատվության չափն ավելի մեծ է: Բնականաբար, հիմնադրամն՝ իր լծակներով ու միջոցներով, փորձելու է հակակշիռ լինել ՀՅԴ-ին՝ հատկապես, երբ դաշնակցությունը փորձում է կրթության ոլորտի ամեն անկյունում իր ներկայացուցչին գործուղել: Իսկ միջկուսակցական պայքարի նման պայմաններում՝ պահուստային ֆոնդից 80 միլիոն դրամը կարող է լինել ընդամենը սիմվոլիկ գումար:
ArmLife.am