Search
Close this search box.

Ստամբուլի օդանավակայանում hայտնի թուրք գործարարը ձերբակալվել է

Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարար, հասարակական գործիչ Օսման Քավալան:
Օսման Քավալան, ով հայտնի է նաև հայ-թուրքական մերձեցման նախաձեռնություններում իր ակտիվ մասնակցությամբ, հանդիսանում է «Anadolu Kültür»  և « İletişim Yayınları» թուրքական կազմակերպությանների նախագահը:
Ըստ «Haberturk» լրատվական կայքի՝ Քավալան Գազիանթեփից Ստամբուլ վերադառնալիս է եղել, երբ ինքնաթիռի վայրեջքից անմիջապես հետո անվտանգության աշխատակիցները ներխուժել են ինքնաթիռ և նրան բերման ենթարկել: Ոստիկանություն հետախուզել է նաև «Anadolu Kültür» կազմակերպության գրասենյակը:

Ըստ աղբյուրի՝ իրավապահ մարմինները չեն հայտնում, թե գործարարը ինչ մեղադրանքով է ձերբակալվել: Միայն տեղեկացվել է, որ նրա ձերբակալությունը կատարվել է «գաղտնի  գործով հետաքննության» շրջանակներում:

Նշենք, որ Օսման Քավալան հայտնի իր հայամետ գործունեությամբ: Նա պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի ընտանիքի մտերիմներից  է և ակտիվորեն պայքարում է Դինքի սպանության գործով արդար դատավարության հասնելու համար: Նախորդ տարվա ապրիլի 24-ին Քավալան այցելել է Հայոց ցեղասպանության հուշարձան և հարգանքի  տուրք մատուցել զոհերի հիշատակին: