Search
Close this search box.

«Փաստ». Թանկացումներ դիզվառելիքի շուկայում

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ներքին շուկայում հեղուկ վառելանյութի գները վերջին օրերին սկսել են դանդաղորեն բարձրանալ։

Թանկացել է բենզինը. ահազանգում են վարորդները: Նրանք բողոքեցին, որ բենզինի գինը օգոստոս ամսվա վերջին բարձրացել է 10 դրամով, գնի բարձրացում արձանագրվել է նաեւ հաջորդ ամիսներին: Այսպիսով՝ բենզինի գինը, վերջին երկու ամսում բարձրացել է 20 դրամով:

Բենզինի թանկացման վերաբերյալ բողոքներ «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպությունն առայժմ չի ստացել. «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում ասաց ՀԿ ղեկավար Բաբկեն Պիպոյանը:

Փորձագետը, սակայն, բացատրում է, որ բենզինի գինը մեր երկրում միշտ էլ տատանողական է եղել:

«Միշտ էլ բենզինի գինը անկանոն է եղել մեր երկրում: Բենզինի գները մի շարք հարցեր ունեն իրենց մեջ, որոնք դեռ պարզաբանված չեն, գնի փոփոխությունները մի փոքր խնդրահարույց են եւ մի բենզալցակայանում բենզինի գնի 5 կամ 10 դրամ գնաճը դեռեւս հիմք չէ ոլորտի մասին գնահատական տալու համար: Պետք է հասկանալ՝ ո՞վ է խաղեր տվողը եւ ինչի՞»,- հարց բարձրացրեց Պիպոյանը: Նրա խոսքով՝ բենզինի շուկայում մրցակցություն չկա, ինչն էլ նման իրավիճակ է ստեղծում:

«Պետությունը ոչ թե պետք է ցույց տա բիզնեսմենների կլուբը եւ ասի, որ այս մարդկանց հետ աշխատելու ենք, այլ առանց այդ մասին հեռուստացույցով ցույց տալու ասեն՝ այնտեղ էժան բենզին կա, դե գնացեք բերեք»,-ներկայացրեց նա:

Բաբկեն Պիպոյանը նշեց, որ խնդրի կարգավորման հարցում մեծ է կառավարության դերը: Քանի դեռ պետությունը քայլեր չի ձեռնարկում, բենզինի շուկայում գնային տատանումները շարունակվելու են»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում