Search
Close this search box.

Լեւոն Հայրապետյանը կանգնած է եղել Արցախի Հանրապետության կայացման ակունքներում. Բակո Սահակյան

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 18-ին ցավակցական հեռագիր է հղել Լեւոն Հայրապետյանի ընտանիքին:

Հեռագրում ասված է.

«Արցախում խոր ցավով տեղեկացանք անվանի հայ գործարար, մեծ հայրենասեր ու բարերար,  մեր ժողովրդի նվիրյալ զավակ Լեւոն Գուրգենի Հայրապետյանի մահվան մասին:

Լեւոն Հայրապետյանը կանգնած է եղել Արցախի Հանրապետության կայացման ակունքներում, արել է հնարավորը հայրենի երկրի շենացման ու բարգավաճման, հարազատ ժողովրդի կենսապայմանների բարելավման ու կենսամակարդակի բարձրացման ուղղությամբ: Նրա աջակցությամբ Արցախում կյանքի են կոչվել բազմաթիվ խոշոր ծրագրեր տնտեսության տարբեր ճյուղերում, վերակառուցվել է Գանձասարի վանական համալիրը:

Պետությունը բարձր է գնահատել Լեւոն Հայրապետյանի ավանդն Արցախի զարգացման գործում: Հայրենիքին մատուցած ծառայությունների համար նա պարգեւատրվել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով եւ «Երախտագիտություն» մեդալով:

Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում հանգուցյալի հարազատներին ու մերձավորներին, հայրենակիցներին ու ընկերներին, բոլորին մաղթում եմ համբերություն եւ ոգու կորով:

Լեւոն Հայրապետյանի պայծառ հիշատակը միշտ վառ կմնա սերունդների հիշողության մեջ»: