Search
Close this search box.

Միլիոնավոր դոլարներ պետությունից հափշտակածը՝ գրավով ազատ է, ձու գողացողը՝ կալանքի տակ

Եթե մարդ չաշխատի, կհիվանդանա։ Որովհետև հիվանդությունը առաջանում է անօգուտ լինելուց։ Ամեն մարդ պետք է օգտակար լինի։
Նույն կանոնը գործում է նաև կառավարման համակարգում։ Եթե պետության մեջ գոյություն ունի համակարգ, որը չի ծառայում իր նպատակին, ապա այդ համակարգը դառնում է անօգուտ և հիվանդ, ընդ որում այդ հիվանդությունը ազդում է նաև կառավարման ամբողջ մեխանիզմի արդյունավետության վրա։
Այլ կերպ ասած, եթե շարժիչի 12 մխոցներից մեկը սկսում է չաշխատել, արդյունքում կանգ է առնում ամբողջ շարժիչը։
Ցանկացած շարժիչ կազմված է մասերից։ Անորակ մասերը ազդում են շարժիչի աշխատանքի արդյունավետության վրա և հանգեցնում դրա խափանմանը։
Ցանկացած կառավարման համակարգի մասերը, դա կադրերն են։ Անորակ կադրերը հանգեցնում են համակարգի խափանմանը։
Խափանված շարժիչով ավտոմեքենան կանգնում է, սկսում քայքայվել և դառնում անպետք։
Անորակ կադրերով համալրված համակարգը նույնպես դատապարտված է քայքայման։
Եվ շարժիչում և կառավարման համակարգում, ուզենք թե չուզենք, պետք է փոխենք հին, բարոյապես մաշված և սխալ աշխատած մասերը՝ կադրերը, եթե իհարկե ցանկություն ունենք որ մեր պետությունը սրընթաց առաջ գնա, այլ ոչ թե լճանա և քայքայվի։
2019թ իրավապահ համակարգը ամփոփեց մոտ ավտոպատահարների 360 զոհերով և 3800-ից ավելի վիրավորներով։
Գրեթե ամեն օր համացանցը ողողվում է հրազենով կատարված սպանությունների, գողությունների, ավազակային հարձակումների, յուրացումների և կաշառքների մասին լուրերով, որը հետագայում հաստատվում են իրավապահ համակարգի պաշտոնական հաղորդագրություններով։
Համացանցում տիրում է կատարյալ անբարոյականություն և քաոս, հայհոյանքը, զրպարտանքը, պատվի և արժանապատվության ոտնահարումը դարձել է սովորական վարվելակերպ, ընդ որում թիրախավորված է երկրի առաջին դեմքը, իր ընտանիքը և ամբողջ իշխանությունը։

Միլիոնավոր դոլարներ պետությունից հափշտակած, տասնյակ մարդկանց մահվան մեջ մեղադրվող անձիք գրավի կիրառմամբ կամ ստորագրությունով գտնվում են ազատության մեջ, իսկ ձու գողացողները կալանքի տակ են։ Խաթարված է օրենքի առջև բոլորի հավասարության սահմանադրությամբ երաշխավորված դրույթը։
Նախկին ռեժիմի հին, բարոյապես մաշված, մինչ օրս պաշտոնավարող կադրերի գործունեության արդյունքում ժողովուրդը չի կարողանում հասնել իրեն հուզող խնդիրների օրինական լուծմանը, արդյունքում լուծման ճանապարհ է դառնում ՀՀ միջպետական ճանապարհների փակումը՝ այլոց ազատ տեղաշարժման սահմանադրական իրավունքի խոչնդոտումը։
Վերը նկարագրվածը ընդամենը 10% է, այն ամենի, ինչ կատարվում է այսօր Հայաստանում։
Այս ամենը արդյունք է մի բանի, ՀՀ ում չի գործում և դարձել է կատարյալ անօգուտ իշխանության երրորդ , դատաիրավական թևը։

Ուժային համակարգի արդյունավետությունը չպետք է որոշվի հանցագործությունների բացահայտման ցուցանիշներով։ Առողջ և արդյունավետ է այն ուժային համակարգը, որը կարողանում է կանխարգելել հանցագործությունների կատարումը։
Նախկին հանցավոր ռեժիմի իշխանության ժամանակ չի եղել գեթ մեկ հանցագործության տեսակ, որ չվերահսկվեր ուժայինների կողմից, այլ կերպ ասած վերջիններս տեղյակ են եղել և կատարողներից, և հանցավոր գործունեությունից և դրա կատարման մեխանիզմներից, տրամաբանորեն նաև ունեցել են իրենց հասույթը հանցագործություններից։
Հեղափոխությունից հետո ՀՀ ուժային համակարգում կադրերը չեն փոխվել, նույն հին, բարոյապես մաշված, սխալ աշխատած մարդիկ են, որոնք հստակ իմանալով հանցագործությունները կատարող անձանց, մեխանիզմները չեն կանխարգելում դրանք, իսկ բացահայտումներն էլ ընտրովի են։
Անկեղծ ասած չեն էլ կարող կանխարգելել, կամ ընտրովի չբացահայտել, քանի որ տասնամյակներ շարունակ ՀՀ ուժային համակարգում աշխատած և մինչ օրս պաշտոնավարող, հին, բարոյապես մաշված, սխալ աշխատած մարդիկ համագործակցել են հանցագործների հետ, հովանավորել, սերտաճել և սնվել նրանցից։
Ամփոփեմ ՝

Եթե մոտակա ժամանակներս չփոխվեն իրավապահ համակարգի հին, բարոյապես մաշված, սխալ աշխատած կադրերը, նրանք չփոխարինվեն նորերով, ապա պետության մեքենան սկզբնական շրջանում կաշխատի վատ, անհարկի և անհիմն ռեսուրս կվատնի, իսկ վերջում էլ ուղղակի կանգ կառնի, քանի որ հին, բարոյապես մաշված, սխալ աշխատած կադրերը ուղղակի չեն կարող ծառայել նոր հայաստանին և հեղափոխությանը։
Այլ կերպ ասած, հին և մաշված դետալը, չի կարող աշխատել նոր շարժիչի մեջ, իսկ այսօրվա Հայաստանում Նոր ժողովրդական իշխանություն է և այն չի կարող արդյունավետ աշխատել հին կադրերով։

Իրավապաշտպան Արտակ Գալստյանի ֆեսբուքյան էջից