Search
Close this search box.

Իշխանությունը Երևանի քաղաքապետի ընտրությունների է գնում անընդհատ ու խայտառակ անկում ապրող վարկանիշի պայմաններում

Փաշինյանն իր ասուլիսի ժամանակ, ըստ էության, այդպես էլ չպատասխանեց այն հարցին, թե ինչով է բացատրվում իր և իր քաղաքական թիմի վարկանիշի շարունակական անկումը՝ մեղքը գցելով ոչ թե իրենց կողմից իրականացվող քաղաքականության տապալման, այլ հապաղելու և չգործելու վրա:

Ամերիկյան Միջազգային Հանրապետական ինստիտուտի (ՄՀԻ/ IRI) կողմից իրականացված հարցումների համաձայն եթե ընտրությունները տեղի ունենային այս կիրակի՝ ՔՊ-ին ձայն կտար մասնակիցների 21 տոկոսը, իսկ Երևանում ավելի քիչ՝ 17 տոկոսը: Ճիշտ է, գործող ընդդիմության վարկանիշը ևս խայտառակ ցածր է, բայց դա չի բարելավում իշխանության վիճակը:

Իշխանությունը Երևանի քաղաքապետի ընտրությունների է գնում անընդհատ անկում ապրող վարկանիշի պայմաններում: 17 տոկոսանոց վարկանիշով հնարավոր չէ հաղթանակ տանել ընտրություններում, եթե իհարկե ընտրություններին չմասնակցի միայն այդ 17 տոկոսը:

Փաստացի իշխանության միակ հույսը ընտրողների պասիվությունն է, նրանց անտարբերությունը երկրի, քաղաքի, սեփական ճակատագրի նկատմամբ: Իշխանության մյուս թիրախը, ինչպես արդեն նշել ենք, ոչ իշխանական ընտրազանգվածը տրոհելը, բաժանելը, փոշիացնելն է, ինչ արդյունքում այդ ձայները ևս կհամարվեն իրենց տրված ձայներ:

Փաստացի իշխանությանը հնարավոր է հաղթել, եթե հնարավոր լինի հանրության շրջանում դրական փոփոխությունների հույս արթնացնել և ձևավորել հանրային կոնսոլիդացիա, ինչին ինշխանությունը հակադրելու որևէ ռեսուրս չի ունենա:

Մարդկանց մեծամասնությունը այլևս չի հավատում դրականին, չի հավատում, որ փոփոխությունը կարող է լինել դեպի լավը, դեպի առաջընթացը: Փաշինյանի կողմից իրականացված հեղաշրջումը, դրա արդյունքում առաջացած հույսերն ու արագ հիասթափությունը մարդկանց մոտ առաջացրել են ապատիայի զգացողություն. մարդիկ սկսել են մտածել, որ այլևս երբեք լավ չի լինի, որ ցանկացած փոփոխություն հանգեցնելու է ավելի վատ, ավելի ողբերգական արդյունքի:

Որքան մեծ է լինում հույսը, այնքան մեծ ու խորն է լինում հուսախաբությունը. Փաշինյանի ամենամեծ վնասը հայ հասարակությունը նաև հանրային հուսախաբության մթնոլորտի սերմանումն է: Հայ հասարակությունը հիմա ապրում է օրվա խնդիրներով՝ չունենալով ապագայի հեռահար տեսլական:

Հնարավոր է փոխել այդ մթնոլորտը և հանրային կոնսոլիդացիա ստեղծել: Միանշանակ այո: Դա հնարավոր է, եթե հասարակությունը, ի հակակշիռ գործող իշխանության տեսնի իրեն ծանոթ, հանրային հեղինակություն վայելող, չարատավորված և փորձառու մարդկանց մի քաղաքական թիմ, որը ընդունակ է առաջարկել իրական այլընտրանք, ոչ միայն պայքարելու հանուն հաղթանակի, այլ նաև տեր կանգնել այդ հաղթանակին: Այնպիսի քաղաքական թիմ, որը ոչ թե ընտրություններից առաջ հայտարարելու է «կռվելու ենք», իսկ ընտրություններից հետո խելոք ու հնազանդ ընդունելու է ընտրությունների արդյունքները և վազելու է իշխանության մոտ ընդդիմություն աշխատելու, այլ իսկապես կռիվ է տալու յուրաքանչյուր քաղաքացու, յուրաքանչյուր ընտրողի քվեի համար:

Ամերիկյան Միջազգային Հանրապետական ինստիտուտի (ՄՀԻ/ IRI) կողմից իրականացված հարցումները ցույց են տալիս, որ հասարակությունը արդեն հոգնել է տիտղոսային ընդդիմությունից, այլևս չի վստահում այդ ընդդիմությանը, որովհետև եթե այդ ընդդիմությունը կարողանար ինչ որ բան անել, ապա կաներ 2 տարվա խորհրդարանական գործունեության ընթացքում: Հասարակությունը նոր, թարմ քաղաքական ընդդիմության պահանջ ունի: Բայց ոչ թե իշխանության կողմից սարքված ու քաղաքական դաշտ ներմուծված, իր կողմից կառավարվող, այլ իշխանությունից անկախ, ինքնաբավ ընդդիմության:

Եթե և երբ հասարակությունը տեսնի, որ իշխանությանը կա իրական և վստահելի այլընտրանք, ապա հանրային համախմբումը կկայանա: Նույնիսկ ամենահուսահատ վիճակում հասարակությունը ընդունակ է ոտքի կանգնել, որովհետև հնարավոր չէ անվերջ ապրել հուսահատության և անորոշության միջավայրում: Առավել քան համոզված ենք, որ առաջիկայում մենք ականատեսը կլինենք նման հանրային վստահություն վայելող այլընտրանքի ձևավորում, որի շուրւջ կարող է տեղի ունենալ լայն կոնսոլիդացիա:

Armlife.am